ՀՀ վճռաբեկ դատարանի ղեկավարն ընդունել է երկրի մարզերի բարձր դասարանների աշակերտներին
Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը հինգշաբթի հանդիպում ունեցավ Հայաստանի բոլոր մարզերից եկած բարձր դասարանի 36 աշակերտների հետ՝ «Երևանը 5 օրում» երիտասարդության քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում, տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։
«Հանդիպման ընթացքում Մանուկյանը խոսեց դպրոցականներին հետաքրքրող հարցերի շուրջ, մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանների, Վճռաբեկ դատարանի նոր սահմանադրաիրավական կարգավիճակի, դատարանի կողմից կայացվող նախադեպային որոշումների, Դատական դեպարտամենտի, Արդարադատության խորհրդի մասին»,- «Նովոստի-Արմենիային» ասաց նա։
Նրա խոսքով, դպրոցականների հարցերը վերաբերում էին մասնագիտացված դատարանների լիազորություններին, դատական իշխանության անկախությանը, դատավորների նյութական և սոցիալական ապահովվածության խնդրին, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան դիմելու կարգին, ՀՀ քաղաքացիների այլ իրավունքներին:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Արման Մկրտումյանը, Վարչական դատարանի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ինչպես նաև՝ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/CEELI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրեգ Հոլսթեդը:--0—