Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ամենասուր հարցերի շուրջ երկխոսության գնալ ընդդիմության հետ. պատգամավոր
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ամենասուր հարցերի շուրջ երկխոսության գնալ ընդդիմության հետ, ասաց ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը։
«ՀՀԿ-ն երեբք չի խուսափել երկխոսությունից և պատրաստ է քննարկել անգամ ամենասուր հարցերը, որոնք կարևոր նշանակություն ունեն ժողովրդի և երկրի համար»,- ասաց նա հինգշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, կուսակցության դիրքորոշումն արտացոլվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոչում, որը նա հնչեցրեց նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո և երդման արարողության ժամանակ և ընդդիմությանը երկխոսության հրավիրեց։ Միաժամանակ Դավթյանը նշեց, որ ՀՀԿ-ն դեմ է երկխոսության համար նախապայմաններ առաջադրելուն։
«Նախապայմաններն ավելի են բևեռացնում կողմերի դիրքորոշումները և խոչընդոտում են երկխոսության հաստատմանը»,- կարծում է պատգամավորը։ Նրա կարծիքով, երկխոսության ընդհանուր ուղին կարելի է գտնել միայն համատեղ քննարկումների արդյունքում։
Իր հերթին «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ իշխանությունները պետք է մեղմացնեն իրենց դիրքորոշումները և հանդուրժողականություն ցուցաբերեն ընդդիմության նկատմամբ, քանի որ այժմ նրանք ուժի դիրքից են հանդես գալիս։
«Նախընտրական շրջանից ստեղծված իրավիճակը շարունակում է չափազանաց լարված մնալ, և երկխոսության հնարավորությունը հարկավոր է դիտարկել մարտի 1-ի իրադարձությունների պրիզմայով»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով, ներկայումս ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի մոտեցումներ կան, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների անցկացում, երկխոսության հաստատում և Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ 1609-րդ բանաձևի պահանջների կատարում։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է ընդդիմության հետ երկխոսության գնալու պատրաստակամության մասին և վերահաստատել է այդ պատրաստակամությունը երեքշաբթի Մոսկվայում՝ հայկական սփյուռքի հետ հանդիպմանը։--0—