ՌԴ-ի և Հայաստանի ընտրությունները ազդակ են տվել երկու երկրների հարաբերություններին. Գռիզլով

25.06.2008, 16:09
ՌԴ-ի և Հայաստանի ընտրությունները ազդակ են տվել երկու երկրների հարաբերություններին. Գռիզլով
ՌԴ-ի և Հայաստանի ընտրությունները ազդակ են տվել երկու երկրների հարաբերություններին. Գռիզլով

Ռուսաստանի և Հայաստանի  վերջին ընտրությունները նոր ազդակ հաղորդեցին երկկողմ հարաբերություններին, չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասաց Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովը։

«Մեր երկրներում անցկացված խորհրդարանական, նախագահական ընտրությունները մեծ ազդակ են հաղորդում մեր հարաբերությունների ամրապնդմանը, և դրանց արդյունքները մեզ բավարարում են»,- ասաց Գռիզլովը։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանում անցկացվեցին Պետդումայի ընտրությունները, իսկ այս տարվա մարտին՝ նախագահական։ ՀՀ նախագահական ընտրություններն անցկացվեցին փետրվարին։

Գռիզլովը նշեց, որ բարձր  է գնահատում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում, որտեղ «մեր երկրների դիրքորոշումները միշտ ընդհանուր են», ինչպես նաև հայկական պատվիրակության կառուցողական աշխատանքը։

Նա հայտնեց, որ Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների համագործակցության հարցերի հանձնաժողովի հերթական նիստը ծրագրված է դեկտեմբերին՝ Երևանում։

Պետդումայի նախագահի տվյալներով, ռուսական երկրամասերի մեծ մասը՝ մոտ 70-ը, ունեն ուղիղ տնտեսական կապեր Հայաստանի հետ։ «Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճ ունի՝ տարեկան մոտ 60 տոկոս, ստեղծվել է չափազանց լուրջ առևտրատնտեսական բազա։ Ռուսական ներդրումների ծավալը մոտենում է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար ցուցանիշին»,- ասաց նա։

Գռիզլովը երկկողմ հարաբերությունների համար կարևոր է համարում նաև  Հայաստանում ռուսական (2008) և Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի անցկացումը (2009)։

Գռիզլովը շնորհակալություն հայտեց Հայաստանի նախագահին՝ ռուսերենի հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։ Սարգսյանը նշեց, որ «Հայաստանում շատ երիտասարդներ հաճույքով ռուսերեն են սովորում և կիրառում են այն նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, և մենք դա ողջունում ենք»։

ՀՀ նախագահի խոսքերով, երկու երկրների խորհրդարանականները շատ բան են անում պետությունների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Մասնավորապես, ստորագրվել են կարևոր պայմանագրեր, այդ թվում՝ երկկողմ հարկումից խուսափելու վերաբերյալ։

«Հայաստանում ռուսական կապիտալով շուրջ հազար ձեռնարկություն է հաջողությամբ աշխատում, և մենք լավագույն պայմանները կստեղծենք նրանց գործունեության համար»,- ասաց Սարգսյանը։-0-