ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանում նոր դեսպանի թեկնածության շուտափույթ հաստատման հույս ունի

25.06.2008, 13:10
ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանում նոր դեսպանի թեկնածության շուտափույթ հաստատման հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետդեպարտամենտը հուսով է, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը Սենատի կողմից կհաստատվի առավելագույնս արագ, չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի  հարցերով տեղակալ Դևիդ Քրամերը։

«Ես ոչ նորմալ եմ համարում, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը արդեն գրեթե երկու տարվա ընթացքում, ինչը բավականին երկար ժամանակ է, մնում է առանց դեսպանի։ Այս անգամ ներկայացված է լավ թեկնածություն, թեև կա նաև լավ Ժամանակավոր հավատարմատար, որը հաճույքով կվերադառնար փոխդեսպանի իր պարտականություններին», - ասաց Քրամերը։

Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Ղրղզստանում դեսպան Մարիա Յովանովիչի թեկնածությունը Սպիտակ Տունն առաջարկել է մարտի 31-ին։

Անցյալ շաբաթ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացան լսումներ՝ դեսպանի թեկնածության վերաբերյալ, որոնց ընթացքում բարձրացվեց նաև Հայոց ցեղասպանութայն ճանաչման հարցը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2006 թ.-ի սեպտեմբերից՝ այդ պաշտոնում Ջոն Էվանսի դիվանագիտական առաքելության վաղաժամ ավարտից հետո։ Հայկական մամուլի և հասարակության կարծիքով, դեսպանի ետ կանչման պատճառը հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին նրա կողմից բազմիցս հնչող հայտարարություններն էին:

2007թ. ԱՄՆ նախագահ Բուշի կողմից ԱՄՆ Կոնգրեսի հաստատմանը ներկայացվեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, սակայն այն դադարեցվեց հայկական լոբբիի ջանքերով, քանի որ դիվանագետը հրաժարվեց հրապարակայնորեն Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանել ցեղասպանություն։

Այս պահի դրությամբ դիվանագիտական առաքելությունը գլխավորում է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը (Joseph Penington)։-0-