ՌԴ և ՀՀ նախագահները կողմ են Անդրկովկասում հակամարտությունների խաղաղ լուծմանը
Ռուսաստանն ու Հայաստանը համակարծիք են, որ Անդրկովկասում հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա, իր գործընկեր Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք համակարծիք ենք, որ Անդրկովկասում ճգնաժամային օջախները պետք է մարեն բացառապես խաղաղ միջոցներով, ամրագրված ձևաչափերով և միջազգային իրավունքի հիման վրա»,- ասել է Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր երկիրը պատրաստ է աջակցել այնպիսի որոշումներ գտնելուն, որոնք կպատասխանեն այստեղ բնակվող բոլոր ժողովուրդների արմատական շահերին»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ դա լիովին վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Մենք հատուկ ընդգծել ենք բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ունեցած միջնորդական դերը, ինչպես նաև խոսել ենք բանակցային գործընթացում նոր հնարավոր լարվածությունների մասին։ Երկու կողմերն էլ հետաքրքրված են դրանով։
Ռուսաստանը, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով համանախագահ, ընդգրկված է ԵԱՀԿ Մինսկի խմբում։-0-