«Չհորինված պատմություններ» տարա ծաշրջանային նախագծի շարունակությունը կլինի «Տղամարդիկ և կանայք» գիրքը
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ձայնաօրագրերը Հարավային Կովկասում» տարածաշրջանային նախագծի ղեկավարությունը մտադիր է «Չհորինված պատմություններ» շարքի երրորդ գիրքը հրատարակել՝ «Տղամարդիկ և կանայք» վերնագրով, հայտնեց նախագծի համակարգող Լելա Մարգիանին։
««Տղամարդիկ և կանայք» գրքի հրատարակությամբ մեր նախագիծը յուրօրինակ եռահատորյակ կդառնա»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Մարգիանին։
Այս շարքի առաջին երկու գրքերը՝ «Չհորինված պատմություններ» և «Հարավային Կովկասի կանանց ձայները. Չհորինված պատմություններ», հրատարակվել են, համապատասխանաբար, 2006 և 2008 թվականներին։
Տպագիր հրատարակություները «Ձայնաօրագրերը Հարավային Կովկասում» ռադիոնախագծի շարունակությունն են, որոնք ացկացվել են 2002-2006թթ., տարածաշրջանի քսան ռադիոընկերությունների լրագրողների մասնակցությամբ։ Ողջ այս ընթացքում ձայնագրվել է ավելի քան 1400 բանավոր պատմություն։
Եռահատորյակի երկրորդ հրատարակության՝ «Հարավային Կովկասի կանանց ձայները. Չհորինված պատմությունների» խմբագիր Թամարա Բալավաձեն իր հերթին ավելացրեց, որ շարքի երրորդ գրքում հիմնական շեշտը կդրվի գենդերային մոտեցմանը։
«Սակայն մենք մտադիր չենք հակադրել տղամարդուն և կնոջը։ Մենք ցանկանում ենք ներկայացնել մի շարք հարցերի ու խնդիրների նկատմամբ նրանց վերաբերմունքի, մոտեցումների տարբերությունը»,- ավելացրեց նա։
Խմբագիրն ավելացրեց, որ այս նախագիծն արդեն ներկայացվել է հովանավորների քննարկմանը, ինչից հետո էլ պարզ կդառնա երրորդ գրքի հրատարակման ժամկետները։
«Ձայնաօրագրերը Հարավային Կովկասում» նախագիծն իրագործվել է «Հաշտության ռեսուրսներ» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության աջակցությամբ։ Նախագծին մասնակցել է Հայաստանը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Վրաստանը, Աբխազիան և Հարավային Օսեթիան։
Ձայնաօրագրերի ինքնատիպ ժանրը ծնվել է 90-ականներին՝ բրիտանական Բի-Բի-Սի հեռուստառադիոընկերությունում։ Նախագծի նպատակը ամենասովորական մարդկանց՝ փախստականներին, հաշմանդամներին, տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչներին, թոշակառուներին, որոնց ձայները հազվադեպ են հնչում եթերում, արտահայտվելու հնարավորություն տալն էր։ -0-