Հայաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր» զորավարժությունների անցկացմանը. Գլխավոր շտաբ

Հայաստանը լիովին պատրաստ է այս տարվա սեպտեմբերին ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer (Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր) զորավարժությունների անցկացմանը, ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը։
«Հայաստանում արդեն անցկացվել են երեք նման զորավարժություններ, և ես համոզված եմ, որ այս տարվա զորավարժությունները նախապատրաստված են ամենաբարձր մակարդակով»,- լրագրողներին ասաց Փայտյանը՝ երեքշաբթի բացված «Համատեղ աղեղ, Համատեղ նիզակակիր և Խիզախ լուսան - 2008» զորավարժությունների պլանավորման ամփոփիչ համաժողովի ժամանակ։
«Գոյություն ունեն գործոններ, որոնք կարող են սպառնալ երկրի խաղաղությանն ու անվտանգությանը։ Նախապատրաստական զորավարժությունները կանցկացվեն հենց այդ գործոնների հիման վրա։ Սեպտեմբերի 15-ից դուք ականատեսը կլինեք հայ զինվորականների բարձր պատրաստվածությանը», - ընդգծեց գեներալ-մայորը։
Փայտյանի խոսքերով, Հայաստանում սեպտեմբերի 15-ին բացվող զորավարժություններին մասնակցելու համար հաստատվել է 22 երկիր, որոնցից 7-ը ՆԱՏՕ-ի անդամներ են, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Լիտվան և Կանադան։ Նաև գրանցված են ՆԱՏՕ-ի գործընկերային՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» և «Ստամբուլյան նախաձեռնություն» ծրագրերի մասնակից-երկրները։
Համատեղ աղեղ/Համատեղ նիզակակիր զովարարժություններին, որոնք կանցկացվեն երկու փուլով՝ հրամանատարաշտաբային և դաշտային զորավարժություններ, կմասնակցի զորքերի տարբեր տեսակներն ու զինվորական մասնագիտությունները (այդ թվում նաև՝ վարորդներ, բժիշկներ, ականազերծողներ) ներկայացնող ավելի քան 1000 մարդ։
Ինչպես նշեց գեներալ-մայորը, հետխորհրդային տարածքի երկրներից զորավարժություններին կմասնակցեն Վրաստանը, Ուկրաինան, Ղազախստանը և Մոլդովան։
Նա ավելացրեց, որ ամբողջովին ՆԱՏՕ-ի կողմից ֆինանսավորվող զորավարժություններին մասնակցելու համար հրավիրվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը, սակայն պաշտոնական պատասխան չի ստացվել։ Ինչպես կարծում է Փայտյանը, անցած երեք նախապատրաստական համաժողովներից և ոչ մեկին ներկա չգտնված այս երկրների մասնակցությունը քիչ հավանական է։-0-