Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության հարցերը

23.06.2008, 18:45
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության հարցերը
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրը Կրեմլից։

Սարգսյանը Ռուսաստան է ժամանել պաշտոնական այցով՝ նախօրեին։ «Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այսուհետ ևս աջակցել հակամարտող կողմերին՝ փոխընդունելի հանգուցալուծում գտնելու հարցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ մեկտեղ Ռուսաստանը որպես համանախագահ մտնում է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ։

ՌԴ և ՀՀ նախագահները նաև կարծիքներ են փոխանակելու միջազգային օրակարգի շուրջ։

«Նախատեսվում է  ընդգծել արտաքին քաղաքական գործողությունների սերտ համակարգման կարևորումը՝ երկկողմ և բազմակողմ հիմքով, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առումով»,- ավելացրել է գործակալության զրուցակիցը։

ՀԱՊԿ-ի կազում ընդգրկված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-