Սիրիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ առողջապահության ոլորտում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սիրիան վճռականորեն տրամադրված է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը բժշկագիտության և առողջապահության տարբեր ոլորտներում , ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությն հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի առողջապահության նախարար Մահեր ալ-Հուսամին։
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հունիսի 17-20-ը Դամասկոսում գտնվող Հայաստանի և Սիրիայի առողջապահության նախարարությունների աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարության փորձագիտական պատվիրակության աշխատանքային այցի ընթացքում քննարկումներ են կայացել համագործակցության կոնկրետ բնագավառների վերաբերյալ։
Հայկական պատվիրակությունն այցելել է MEDICARE 2008 բժշկագիտության և առողջապահության ոլորտի ցուցահանդեսին, ինչպես նաև Սիրիայի բժշկագիտական միության գիտաժողովին։
Բանակցությունների ավարտին կողմերը ստորագրել են ՀՀ և ՍԱՀ առողջապահության նախարարությունների առաջին համատեղ նիստի արձանագրություն։-0-