Ընդդիմության ներկայացուցիչները սկսել են հավաքվել Մատենադարանին հարող հրապարակում

20.06.2008, 18:11
Ընդդիմության ներկայացուցիչները սկսել են հավաքվել Մատենադարանին հարող հրապարակում

Ընդդիմության ներկայացուցիչները սկսել են հավաքվել Մատենադարանին հարող հրապարակում, իսկ ոստիկանությունը ցրվելու կոչ է անում։ Հանրահավաքի սկիզբը ծրագրված է տեղական ժամանակով ժամը 18։00-ին։

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, մի քանի հարյուր մարդ հավաքվել է Մատենադարանի մատույցներում, որը շրջապատված է հատուկ նշանակության ջոկատի և ոստիկանության ուժերով։

Ոստիկանության աշխատակիցները բարձրախոսների միջոցով հայտարարում են, որ ընդդիմության գործողություններն անօրինական են և «անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով պահանջում են ազատել հրապարակը», հակառակ դեպքում ոստիկանությունը կօգտագործի օրենքի շրջանակներում ամրագրված լիազորությունները, այդ թվում նաև հատուկ միջոցներ կկիրառի։

Հունիսի 12-ին Երևանի քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացման` ընդդիմության սկզբնական դիմումը և Մատենադարանի մոտ միջոցառման անցկացման այլընտրանքային տարբերակ թույլ չի տվել։

Միաժամանակ, հանրահավաքի կազմակերպիչը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր «Համազգային շարժումը», հայտարարություն է տարածել այն մասին, որ անկախ ամեն ինչից Մատենադարանի մոտ կանցկացնի համահանրապետական խաղաղ հանրահավաք, չնայած Երևանի քաղաքապետարանը առաջարկել է մեկ այլ տարածք «Հրազդան» մարզադաշտի մոտ։

Նախօրեին ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել ընդդիմության հանրահավաքի ժամանակ զանգվածային անկարգություններ թույլ չտալու մտադրության մասին հայտարարությամբ։ Ինչպես հայտարարել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանը, եթե հանրահավաքը տեղի չունենա «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, այլ մեկ այլ վայրում, ապա «ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի»։-0-