2008թ. 5 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող 32 անձանց

20.06.2008, 11:58
2008թ. 5 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող 32 անձանց
2008թ. 5 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ-ում հետախուզման մեջ գտնվող 32 անձանց

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. 2008թ. առաջին 5 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները հայտնաբերել և ձերբակալել են 32 անձանց, որոնք հետախուզման մեջ են գտնվում ՌԴ ՆԳ մարմինների կողմից և ոորնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից, այդ տվյալները հրապարակվել են ուրբաթ տեղի ունեցած ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության միացյալ կոլեգիայի իններորդ նիստի ընթացքում։

«2007 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ճշտվել է 178 անձի ինքնությունը, որոնք հետախուզվում էին ՌԴ իրավապահ մարմինների կողմից, նրանցից հինգն արդեն հանձնվել են ՌԴ իրավապահ մարմիններին»,- նշել են լրատվական ծառայությունից։

2007 թվականի նույն ժամանակամիջոցի ընթացքում Ռուսաստանից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել ՀՀ ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող 56 անձ, իսկ 2008թ. 5 ամիսների ընթացքում՝ տասը մարդ։

Նիստի մասնակիցները նշել են, որ այդ ուղղությամբ նկատվում է երկու գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման միտում։

«Ընդ որում նիստի ընթացքում կողմերը կարծիք հայտնեցին, որ ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների փոխգործակցության մեջ դեռևս կան մի շարք չլուծված հիմնախնդիրներ, որոնք բացասաբար են անդրադառնում հետախուզման խնդիրների վերջնական արդյունքների վրա` ընդգծելով բոլոր իրավապահ մարմինների, առաջին հերթին՝ երկու երկրների ներքին գործերի և ոստիկանության մարմինների գործողությունների փոխհամաձայնեցվածությունը»,- նշեց գործակալության զրուցակիցը։

Նիստի ժամանակ ցուցումներ տրվեցին՝ առավել արդյունավետ օգտագործել փոխգործակցության այնպիսի ձևեր, ինչպիսիք են համատեղ երկկողմանի օպերատիվ-կանխարգելիչ և օպերատիվ-որոնողական միջոցառումները։

Գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ անհրաժեշտ է որակական նոր մակարդակի բարձրացնել օպերատիվ, քրեագիտական, վիճակագրական տեղեկատվության փոխանակման գործընթացը, ինչպես նաև այդ ոլորտում հանցագործությունների նախականխման, հայտնաբերման, կանխման և բացահայտման նորմատիվ փաստաթղթերի փոխանակումը։

«Քննարկման արդյունքներով տվյալ հարցի վերաբերյալ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՌԴ ՆԳՆ համատեղ որոշում»,- նշեցին լրատվական ծառայությունից։

Կոլեգիայի նիստին ռուսական պատվիրակությունը ղեկավարում է ՌԴ ՆԳ նախարար, բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիևը։--0—