Ընդդիմության քաղաքական պլատֆորմն առաջընթաց և երկխոսություն չի նախատեսում. պատգամավոր

19.06.2008, 16:32
Ընդդիմության քաղաքական պլատֆորմն առաջընթաց և երկխոսություն չի նախատեսում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ընդդիմության քաղաքական ծրագիրը երկխոսություն և զարգացման ուղիներ չի ենթադրում, կարծում է իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ցանկացած առաջընթաց, բացի նոր տեխնոլոգիաների ներդրումից, ենթադրում է փոխըմբռնում, փոխզիջումների որոնում, հանդուրժողականություն, հասարակական, սոցիալական մակարդակում ծայրահեղականությունից հրաժարում՝ այն ամենը, ինչի հակառակը մենք տեսնում ենք ընդդիմության վարքագծում»,- ասաց Աշոտյանը լրագրողներին հինգշաբթի, Մամուլի ազգային ակումբում։

Նրա խոսքով, ընդդիմության անավարտ հեղափոխությունն արդեն հանգեցրել է հասարակական, տնտեսական և քաղաքական հարաբերությունների, ինչպես նաև սոցիալական ոլորտի հետընթացին։

«Մեր տարածաշրջանի որևէ երկրում տեղի ունեցող ցանկացած ցնցում կարող է երկրի գոյությունը սպառնալիքի տակ դնել։ Միայն 1 տոկոս հավանականության կա, որ ցնցումներից հետո հասարակությունը կվերականգնվի և որակական զարգացում կապրի։ Բայց, ամենայն հավանականությամբ, այսպիսի կործանարար, կեղծ հեղափոխական ծրագիրը կարող է կործանարար լինել երկրի համար»,- ասաց Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանում արդեն մեկ անգամ հեղափոխություն եղել է՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ, որից հետո երկիրն այդպես էլ չկարողացավ անցնել էվոլյուցիոն զարգացման ճանապարհի մինչև 1998 թվականը, երբ առաջին անգամ իշխանությունների փոփոխությունը տեղի ունեցավ «վերևից»։

1998թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը, իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով, հայտարարեց իր լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին և հրաժարական տվեց։

2008թ. փետրվարին Տեր-Պետրոսյանը մասնակցեց Հայաստանի նախագահական ընտրություններին, որոնց ժամանակ հաղթեց վարչապետ Սերժ Սարգսյանը։

Փետրվարի 20-ից ընդդիմությունը ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ բողոքի ցույցեր էր անցկացնում՝ չընդունելով նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջելով նոր ընտրությունների անցկացում։

Հունիսի 20-ին ընդդիմությունը ևս մտադիր է հանրահավաք կազմակերպել, որի ժամանակ մտադիր է քննարկել իր հետագա անելիքները։--0—