Եվրոդատարանի վճիռը «A1+» հեռուստաընկերության հայցի վերաբերյալ`ընդդեմ Հայաստանի, նշանավորում է խոսքի ազատության հաղթանակը. Թերի Դևիս

19.06.2008, 10:56
Եվրոդատարանի վճիռը «A1+» հեռուստաընկերության հայցի վերաբերյալ`ընդդեմ Հայաստանի, նշանավորում է խոսքի ազատության հաղթանակը. Թերի Դևիս
Եվրոդատարանի վճիռը «A1+» հեռուստաընկերության հայցի վերաբերյալ`ընդդեմ Հայաստանի, նշանավորում է խոսքի ազատության հաղթանակը. Թերի Դևիս

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը հայկական ընդդիմադիր «A1+» հեռուստաընկերության հայցի վերաբերյալ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, նշանավորում է խոսքի ազատության հաղթանակը, կարծում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը։

«Այս վճիռը պետք է դաս լինի բոլոր այն կառավարությունների համար, որոնք հակված են կամայականորեն մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը երաշխավորում է այս հիմնական ազատությունը», - ասվում է Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակից չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Դևիսի հայտարարության մեջ։

ՄԻԵԴ-ը հունիսի 17-ին բավարարել է «Մելտեքս» ( «Ա1 +»-ի հիմնադիր) ընկերության և նրա ղեկավար Մովսես Մովսիսյանի հայցն ընդդեմ Հայաստանի։ ՄԻԵԴ-ը համարել է, որ «Ա1+»-ին եթերից զրկելով՝ խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը (խոսքի ազատություն) և երկրի կառավարությանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում վճարել 30 հազար եվրո:

Ինչպես կարծում է ԵԽ գլխավոր քարտուղարը, Եվրոդատարանի վճիռը վերջակետ է դնում «Հայաստանի իշխանությունների կողմից «Ա1+» հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր տրամադրել հրաժարվելու երկարատև սագայում»:

Դևիսը հիշեցրել է, որ վճիռը կայացվել է այն բանից հետո, երբ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների բազմաթիվ կոչերը անտեսվել էին Հայաստանի իշխանությունների կողմից:

«Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններն իրավական պարտավորություն ունեն ենթարկվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին: Նրանք դա պետք է անեն առանց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց պարտավորությունների մասին հիշեցումների», - հայտարարել է Դևիսը։

2002թ. Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը «Շարմ» ընկերությանը հաղթող է ճանաչել  37-րդ դեցիմետրային ալիքով հեռարձակելու մրցույթում։ Դրա հետևանքով ընդդիմադիր «Ա1+» հեռուստաընկերությունը, որը 5 տարի շարունակ հեռարձակվել է այդ հաճախականությամբ, զրկված է եղել եթերից, ինչն ընդդիմության շրջանակներում մեծ դժգոհություն է առաջացրել։

Արդյունքում «Մելտեքս» (Ա1+) ընկերությունը մասնակցել է մի շարք մրցույթների, որոնք հեռարձակման հաճախականություններ են հատկացնում, սակայն հաղթող չի ճանաչվել։ Ներկայումս գործում է «Ա1+» տեղեկատվական գործակալությունը՝ ստեղծված հեռուստաալիքի հիման վրա։--0—