Հայաստանը Օրհուսի համաշխարհային շարժման կարևոր մասնակիցն է. ԵԱՀԿ

18.06.2008, 12:20
Հայաստանը Օրհուսի համաշխարհային շարժման կարևոր մասնակիցն է. ԵԱՀԿ
Հայաստանը Օրհուսի համաշխարհային շարժման կարևոր մասնակիցն է. ԵԱՀԿ

Չորեքշաբթի Երևանում բացվել է «Օրհուսի կոնվենցիայի իրականացումը Հայաստանում» թեմայով համաժողով։

«Հայաստանը դարձել է 16-րդ երկիրը, որը ստորագրել է Օրհուսի կոնվենցիան, և այն ոչ միայն Օրհուսի համաշխարհային շարժման շատ կարևոր մասնակիցն է, այլև ակտիվորեն իրագործում է դրա դրույթները», - չորեքշաբթի համաժողովի բացման ժամանակ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։

Նրա խոսքերով, համաժողովի անցկացման նպատակը Հայաստանի կողմից համաժողովի դրույթների իրականացման արդյունքների ամփոփումն է։

«Ողջ աշխարհում նշում են համաժողովի տասնամյակը, որը մեծ ներդրում ունի շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարի գործընթացում», - ասաց նա։

Դեսպանը նաև նշեց, որ համաժողովի ընթացքում կբացահայտվեն փաստաթղթի դրույթների իրագործման ուղղությամբ Հայաստանի հետագա գործողությունները։

Այս համատեքստում նա նշեց, որ համաժողովի ավարտից հետո կստորագրվի աշխատանքային արձանագրություն, որտեղ կարձանագրվեն համաժողովի մասնակիցների որոշումներն ու պարտավորությունները։

Բացի այդ, նախատեսվում է նաև հռչակագրի ստորագրում, որը յուրօրինակ կոչ կդառնա Հայաստանի հասարակությանը, կառավարությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին՝ պատշաճ ուշադրություն դարձնել բնապահպանական խնդիրների լուծմանը։

«Հռչակագրում կան հորդորներ՝ բնապահպանական խնդիրների լուծման ամենաբարձր արդյունավետության ապահովման ուղղությամբ», - ավելացրեց նա։

Միաժամանակ Կապինոսն ավելացրեց, որ «բնապահպանական անկարգությունները» շարունակվում են ողջ աշխարհում, և Հայաստանը բացառություն չէ։ Տեղի բնապահպանական խնդիրների թվում դեսպանը նշեց օդի աղտոտվածությունը, անտառածածկ մակերեսների պակասը, շարունակվող անտառահատումը, մայրաքաղաքի տրանսպորտով ծանրաբեռնվածությունը։

Միաժամանակ դեսպանը նշեց, որ ԵԱՀԿ-ն ողջունում է փաստաթղթի դրույթների իրագործման վերաբերյալ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները և հետագայում ևս կշարունակի աջակցել դրանց լուծմանը։

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելա Վիդալն իր հերթին ևս ավելացրեց, որ ՄԱԿ-ը նույնպես աջակցում է այդ ծրագրի իրագործմանը։

«Այս կոնվենցիան երաշխավորում է ժողովրդավարությունը տնտեսության բնագավառում և թափանցիկ է դարձնում այդ ոլորտում որոշումների ընդունման գործընթացը», - ասաց Վիդալը։

Նրա կարծիքով, կոնվենցիան կարող է ինքնատիպ հարթակ դառնալ ՝ տարբեր կառույցների համագործակցության համար, այդ թվում նաև՝ պետության և հասարակության համար։

ՄԱԿ-ի ԵՏՀ «Տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացմանը հասարակության մասնակցության և բնապահպանական հարցերով արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան հայտնի է Օրհուսի կոնվենցիա անունով, այն քաղաքի անունով, որտեղ այն ստորագրվել է։ Կոնվենցիան ստորագրվել է 38 երկրների կողմից 1998 թ. հունիսի 25-ին՝ «Շրջակա միջավայրը Եվրոպայի համար» գործընթացի շրջանակներում՝ եվրոպական երկրների բնապահպանության նախարարների 4-րդ համաժողովի ժամանակ։-0-