ՀՀ ոստիկանության պետը խոստանում է վերականգնել հասարակության վստահությունը օրենքի ներկայացուցիչների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարակականը, այն է՝ վերականգնել հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ, իրականացվելու է ամենակարճ ժամկետներում՝ ապահովելով անհրաժեշտ արդյունավետությունը, ասաց ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը։
«Հասարակության վստահության վերականգնումը ժամանակի մարտահրավերն է։ Մենք ջանք և եռանդ չենք խնայի այդ ուղղությամբ, հասարակության և ոստիկանության միջև անջրպետը պետք է ոչնչացվի»,- ասաց նա երեքշաբթի՝ նոր պաշտոնում տված իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ։
Սարգսյանը կոչ արեց քաղաքացիներին դիմել ոստկանությանը, վստահեցնելով, որ ոչ մի դիմում չի մնա անպատասխան, իսկ վիճելի հարցերին պատասխաններ կտրվեն գրավոր կարգով՝ ոստիկանության պետի ստորագրությամբ։
Մեկնաբանելով մարտյան իրադարձությունները, ոստիկանության նորանշանակ պետը նշեց, որ ցանկացած ժողովրդավարական երկրում հանրահավաքները, զանգվածային միջոցառումները և երթերը օրինաչափ երևույթ են, և դրանց պետք է ըմբռնումով մոտենալ։
«Բայց դա չի նշանակում, որ հանրահավաքները պետք է շրջանակներից դուրս գան, խախտեն օրենքի պահանջները և զանգվածային միջոցառումները վերածեն զանգվածային անկարգությունների»,- նշեց նա։ Նրա խոսքով, նման դեպքերում ոստիկանության աշխաատկիցները գործելու են օրենքի շրջանակներում՝ պաշտպանելով ժողովրդի շահերը։
Հունիսի 13-ին ՀՀ նախագահը հանդիպում ունեցավ ոստիկանության բարձրագույն սպայական կազմի հետ և նրանց մի քանի առաջադրանքներ տվեց։ Մասնավորապես, նա ընդգծեց ոստիկանության նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու կարևորությունը, նշելով, որ առանց հասարակական աջակցության և համապատասխան հասարակական կարծիքի հնարավոր չէ արդյունավետ պայքարել հանցավորության դեմ։--0—