Ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովի ելույթով կբացվի ««Արսիկա» տրիոն ներկայացնում է» համերգաշարը

17.06.2008, 14:06
Ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովի ելույթով կբացվի ««Արսիկա» տրիոն ներկայացնում է» համերգաշարը
Ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովի ելույթով կբացվի ««Արսիկա» տրիոն ներկայացնում է» համերգաշարը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 23-ին տեղի կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, Յուրի Բաշմետի սան, ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովի համերգը։

Ինչպես տեղեկացրեց «Արսիկա» տրիոյի անդամ, ջութակահար Կարեն Շահգալդյանը, համերգը կկայանա ««Արսիկա» տրիոն ներկայացնում է» նախագծի շրջանակներում և նվիրված է Բրամսի 175-ամյակին։

«Սա նոր գաղափար է, որը մեր ծրագրերի մի մասն է։ Այդ նախագծի շրջանակներում մենք Հայաստան ենք հրավիրելու երիտասարդ երաժիշտների։ Սակայն երևանյան հանդիսատեսին իրենց արվեստը կարող են ցույց տալ ոչ միայն արտասահմանյան հյուրերը, այլև տեղի երաժիշտները», - երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Շահգալդյանը։

Ջութակահարը նաև ավելացրեց, որ համերգին կմասնակցի նաև «Արսիկա» տրիոն և հոգևոր երգերի հայտնի կատարող Աննա Մայիլյանը։

Ծրագրում կընդգրկվեն Բրամսի հետևյալ ստեղծագործությունները՝ «Սոնատ թիվ 2 թավջութակի և դաշնամուրի համար, op. 120», «Դաշնամուրային կվարտետ g-moll op. 25» և «Երգու երգ»՝ մեցոսոպրանոյի, թավջութակի և դաշնամուրի համար։

Երևանում շուրջ երկու շաբաթ գտնվող ալտահար Նովիկովն իր հերթին կիսվեց իր տպավորություններով։

«Ես երջանիկ եմ, որ այցելել եմ Հայաստան և որ ինձ հնարավորություն է ընձեռվել նվագել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են «Արսիկա» տրիոյի անդամները», - ասաց Նովիկովը։ Նա նաև բարձր գնահատեց Հայաստանի երաժիշտների պրոֆեսիոնալիզմը։

«Արսիկա» տրիոն ստեղծվել է 1999թ.-ին։ Տրիոյի կազմում են Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, Երևանի Արվեստի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ջութակահար Կարեն Շահգալդյանը և Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերմեսյտերի տեղակալ, «Սերենադ» կամերային նվագախմբի առաջին մենակատար, թավջութակահար Կարեն Քոչարյանը։

Տրիոն ելույթներ է ունեցել Շվեյցարիայում և Հարավային Ամերիկայում, Հայաստանում։ Մասնակցել է այնպիսի փառատոնների, ինչպիսիք են «Schubertiade»՝ Լոզանում, «Festival de las Artes»՝ Կոստա-Ռիկայում, «Festival International Cervantino»՝ Մեքսիկայում»։--0--