Վարչական դատարանը մերժել է ընդդիմության հայցն՝ ընդդեմ հանրահավաքն արգելելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշման
Երևանի վարչական դատարանը մերժել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայցը, որով վիճարկվում էր հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումն արգելելու մասին Երևանի քաղաքապետարանի որոշումը։
Դատարանը հիմնավորված է ճանաչել քաղաքապետարանի փաստարկներն այն մասին, որ հանրահավաքի անցկացումն անհամատեղելի է հունիսի 9-23-ը Ազատության հրապարակում ծրագրված «Փոքրիկ երևանցի» մանկական միջոցառման հետ, որը, ըստ դատարանի, նպաստում է երեխաների հոգևոր զարգացմանը և կարող է անցկացվել քաղաքապետարանի կողմից՝ առանց որևէ կառույցի թույլտվության։
Բացի այդ, Մաշտոցի պողոտայով և Նալբանդյանի փողոցով ծրագրված երթը վարչական դատարանը ճանաչել է անընդունելի, քանի որ քաղաքի տվյալ հատվածը տրանսպորտային խոշոր հանգույց է և 40 րոպե տևողությամբ երթը լուրջ դժվարություններ կստեղծի տրանսպորտային շարժի համար՝ հաշվի առնելով նաև Երևանում անցկացվող լայնամասշտաբ շինարարական աշխատանքները, որոնք իրենց հերթին նույնպես խցանումներ են ստեղծում։
Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Ռոբերտ Սամոյանը լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակում է չհիմնավորված համարել քաղաքապետարանի որոշումը։ «Քաղաքապետարանի մերժումը չի բխում օրենքի պահանջներից, իսկ դատարանի վճիռը ևս մեկ անգամ ցույց է տալիս դատարանների կախյալ վիճակը», - ասել է նա։
Նրա խոսքերով, ընդդիմությունը մտադիր է քննարկել ինչպես վարչական դատարանի վճռի հետագա վիճարկման հնարավորությունը, այնպես էլ մեկ այլ վայրում հանրահավաքի անցկացման հնարավորությունը։
Երևանի քաղաքապետարանը մերժել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իրազեկումը: Հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը ծրագրում էր ամփոփել ԵԽԽՎ պահանջների իրագործման գործընթացը, ինչպես նաև քննարկել իր գործունեության հետագա ռազմավարությունը։
Իրազեկման համաձայն, զանգվածային հրապարակային միջոցառումը մեկնարկելու է Ազատության հրապարակում՝ հանրահավաքով և ընդմիջվելու է երթով՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Միջոցառումը պետք է անցկացվեր տեղական ժամանակով ժամը 18։00-ից մինչև 22։00-ն։
Միաժամանակ ընդդիմությանն առաջարկվել է վերոհիշյալ միջոցառումն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող հրապարակում։ --0-

