Չեխիան 2009 թ.-ին Հայաստանի և Եվրամիության փոխհարաբերությունների խորացման հույս ունի. դեսպան

17.06.2008, 11:48
Չեխիան 2009 թ.-ին Հայաստանի և Եվրամիության փոխհարաբերությունների խորացման հույս ունի. դեսպան
Չեխիան 2009 թ.-ին Հայաստանի և Եվրամիության փոխհարաբերությունների խորացման հույս ունի. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Չեխիան 2009 թ.-ին՝ ԵՄ-ում Չեխիայի նախագահության ընթացքում Հայաստանի և Եվրամիության փոխհարաբերությունների խորացման հույս ունի, նախօրեին հայտարարել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Իվան Եսթրաբը (Ivan Jestrab)՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճեների հանձնման արարողության ընթացքում։

«Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։

ՀՀ արտգործնախարարն իր հերթին գոհունակություն է հայտնել հայ-չեխական հարաբերություների արդի վիճակի առնչությամբ` միաժամանակ կարևորելով տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպություններում հայ-չեխական համագործակցության հարցերը, տնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները։

Որպես երկկողմ հարաբերությունների առաջընթացի վկայություն՝ նշվել է հուլիսի սկզբին Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի Հայաստան կատարելիք պաշտոնական այցը։

Իվան Եսթրաբը ծնվել է 1957թ. Չեխոսլովակիայում: 1976-1981թթ. սովորել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում` ստանալով մագիստրոսի աստիճան:

1990 թ.-ից աշխատում է ԱԳՆ համակարգում։ Եղել է Չեխիայի դեսպանը Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Բանգլադեշում։ 2002-2004թթ. եղել է Չեխիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, 2004-06թթ.` Սերբիայում և Մոնտենեգրոյում Չեխիայի դեսպան։ 2007թ.-ից նշանակվել է Վրաստանում Չեխիայի դեսպան:

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, դանիերեն, նորվեգերեն, շվեդերեն, սերբերեն և լեհերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու դուստր:-0-