Հայասատնում ստեղծվել է Հանրային խորհուրդ. նախագահի հրամանագիր
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին, ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
«Խորհուրդը ստեղծվել է՝ ելնելով Հայաստանում հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու անհրաժեշտությունից»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանրային խորհուրդը սահմանադրական մարմնի կարգավիճակ ունի։
Հանրային խորհրդի կազմավորման աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է հանձնաժողով, որին հանձնարարվել է եռամսյա ժամկետում` ձևավորել աշխատանքային խմբեր ընդդիմության և իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը Հանրային խորհրդի կազմավորման գործընթացին։
Հանձնաժողովին հանձնարարվել է նաև, հաշվի առնելով առկա մոտեցումները՝ ՀՀ նախագահին առաջարկություններ ներկայացնել Հանրային խորհրդի կազմի և կանոնադրության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանին և Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական Սևակ Լալայանին հանձնարարվել է ապահովել հանձնախմբի բնականոն գործունեությունը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են 13 հասարակական և քաղաքական գործիչներ։
Համաժողովի կազմում ընդգրկվել են. Ռոբերտ Ամիրխանյանը՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի նախագահ,
Էմիլ Գաբրիելյանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Վիկտոր Դալլաքյանը՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,
Հովհաննես Զանազանյանը՝ «Բանանց» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, Պերճ Զեյթունցյանը՝ Հայաստանի գրողների միության նախագահության անդամ, Սերգեյ Համբարձումյանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Խոսրով Հարությունյանը՝ Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ, Թովմաս Պողոսյանը՝ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, Արշակ Սադոյանը՝ «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Յուրի Սարգսյանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,
Սոս Սարգսյանը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար, Շավարշ Քոչարյանը՝ Ազգային ժողովրդավարական կուսակցության վարչության նախագահ:
Ինչպես մինչ այդ տեղեկացրել էր ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, Հայաստանի հանրային խորհուրդը վերջնականապես ձևավորվելու է մինչև 2008թ. սեպտեմբեր ամիսը։
Հայաստանի Հասարակական խորհրդի իրավասությունների մեջ են մտնելու բոլոր պետական կարևորություն ներկայացնող հարցերի քննարկումը, օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, երկրի նախագահի հրամանագրերի վերլուծությունը։ Խորհրդի որոշումները կրելու են խորհրդատվական բնույթ։--0—

