Շաբաթ օրը Հայաստանում նշվելու է Նավասարդի տոնը, որը հայերի նախնիները նշում էին որպես Նոր տարի
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հունիսի 14-ին նշելու են Նավասարդի տոնը, որը ժամանակակից հայերի նախնիները նշում էին որպես Նոր տարի, լրագրողներին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանը։ Տոնակատարությունը սկսվելու է Սև լճի ափին՝ Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի ստորոտին, այնուհետև շարունակվելու է Բյուրականում։
«Մենք նպատակահարմար ենք գտնում վերականգնել հին հայկական ավանդույթները և, մասնավորապես, Նոր տարվա՝ Նավասարդի տոնակատարությունը»,- նշեց Բրուտյանը։
Հին հայկական աղբյուրների համաձայն, Նոր տարին՝ Նավասարդը (նավ-նոր, սարդա –տարի) տոնում էին մի ամբողջ շաբաթ, ընդ որում՝ շաբաթվա յուրաքանչյուր օրն ուներ որոշակի նշանակություն։
Տոնը նշելու ճիշտ օրը ընտրելու համար մարդիկ կողմնորոշվում էին աստղերով։ Առանձնացվում էր «Հայկի ուսը» կամ «Հայկի ձեռքը» անունը կրող աստղը (Հայկական առասպելաբանության մեջ Հայկը հայերի նախահայրն է եղել)։ Այսօր այդ աստղը հայտնի է նաև Ալֆա-Օրիոն անվանումով, որը սովորաբար չի երևում Երկրից։
Բայց գալիս է մի օր, երբ առավոտյան այդ աստղը տեսանելի է դառնում։ Այդ օրը հստակ սահմանված է, երևույթը ամեն տարի կրկնվում է գրեթե նույն օրը։ Դրանից էլ սկսվում է Նավասարդի տոնակատարությունը։
Բրուտյանն ափսոսանքով նշեց, որ այսօր հին ավանդույթների, այդ թվում Նավասարդի վերաբերյալ մարմասները և այլ տեղեկություններ չեն պահպանվել, և միայն վերջերս են սկսել փորձեր ձեռնարկվել դրանք վերականգնելու համար։
Տուն-թանգարանի տնօրենի խոսքով, անհրաժեշտ է լայնորեն քարոզել հին հայկական ավանդույթների ուսումնասիրությունը և արմատների հետ շփվելը։
«Ազգային ավանդույթների պահպանումը չի նշանակում կրկօրինակել դրանք և փոխանցել ժառանգաբար։ Դրանք պետք է գիտակցել և գիտակցաբար փոխանցել հաջորդ սերունդներին»,- ասաց Բրուտյանը։--0—