Հայաստանի կենսաբանական անվտանգության հայեցակարգը քննարկվել է Երևանում՝ ԱՄՆ փորձագետի մասնակցությամբ

13.06.2008, 17:48
Հայաստանի կենսաբանական անվտանգության հայեցակարգը քննարկվել է Երևանում՝ ԱՄՆ փորձագետի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պատվիրակությունը ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի և ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների հետ քննարկեցին Հայաստանի կենսաբանական անվտանգության հայեցակարգը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական ծառայությունից, որպես հայեցակարգի հիմնական ուղղություններ առաջարկվեց՝ ստեղծել պետական կենսաբանական անվտանգության միասնական համակարգ, սահմանել կենսաբանական անվտանգության մեխանիզմները, ապահովել բնակչության, էկոհամակարգերի, բույսերի եվ կենդանիների պաշտպանությունը, կենսաբանական անվտանգությունն ապահովելու նպատակով աջակցել գիտության և կրթության մակարդակի բարձրացմանը։      

Նաև առաջարկվել է ստեղծել կենսաբանական մոնիտորինգի և վիճակագրական վերլուծության բազմագործոն համակարգ, պայքարել կենսաբանական ահաբեկչության դեմ, ձևավորել համապատասխան իրավական դաշտ:

Հունիսի 9-13-ը Երևան կատարած այցի շրջանակներում ԱՄՆ-ի պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ  ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ առողջապահության, կրթության և գիտության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների հետ:-0-