Երևանի մարտյան անկարգությունների մասնակիցներից մեկն արդարացվել է, իսկ մյուսը՝ դատապարտվել երեք տարվա ազատազարկման

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Երևանի մարտյան անկարգությունների մասնակիցներից մեկին՝ Նվեր Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») առաջադրված մեղադրանքում ճանաչել է անպարտ և արդարացրել նրան, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հայկական ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով, Գլխավոր դատախազության տվյալներով, տուժել է 265 մարդ, տասը մարդ զոհվել է։ Ավելի քան 100-ը կալանավորվել են։
Միաժամանակ դատարանը որոշում է կայացրել որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու և Սարգսյանին անհապաղ դատական նիստերի դահլիճից ազատ արձակելու մասին:
Բացի այդ, նույն օրը Երևանի քրեական դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Էդվարդ Աշուղյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Զանգվածային անկարգությունները») և դատապարտել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:
Աշուղյանը մեղադրվում էր այն բանում, որ անմիջական մասնակցություն է ունեցել մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, որի ընթացքում Էդվարդ Աշուղյանն իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ պարբերաբար քարեր նետելու եղանակով, զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ տևական ժամանակ դիմադրություն է ցույց տվել վերջիններիս:-0-