Հայաստանը շարունակելու է պնդել, որպեսզի ԼՂՀ-ն ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին. ՀՀ ԱԳՆ

12.06.2008, 10:29
Հայաստանը շարունակելու է պնդել, որպեսզի ԼՂՀ-ն ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը միշտ կողմ է հանդես եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին ԼՂՀ-ի լիարժեք մասնակցությանը՝ որպես բանակցային կողմ, տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Խոսել այն մասին, որ Ղարաբաղն որևէ կերպ չի մասնակցում բանակցություններին, ճիշտ չէ, քանի որ տարածաշրջան այցելելիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են նաև ԼՂՀ ղեկավարության հետ։ Հուսով եմ, որ կայանալիք հանդիպման ժամանակ ևս համանախագահները կհանդիպեն Ղարաբաղի ղեկավարության հետ»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է նախարարը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան կայցելեն հունիսի վերջին շաբաթվա ընթացքում։

Ինչպես տեղեկացրել է նախարարը, Ադրբեջանի հետ բանակցություններ վարող Հայաստանի ղեկավարությունը բանակցություններից առաջ և հետո խորհրդակցություններ է անցկացնում ղարաբաղյան կողմի հետ՝ քննարկելով հակամարտության կարգավորման սկզբունքներն ու մոտեցումները։

«Որքան շուտ Ղարաբաղը որպես կողմ ներգրավվի բանակցություններին, այնքան լավ։ Սակայն չի կարելի կոնկրետ ժամկետներ դնել։ Եթե դա կախված լիներ Հայաստանից, ապա Ղարաբաղը կողմ կդառնար մոտ ապագայում, սակայն դա կախված է նաև Ադրբեջանի դիրքորոշումից», - ընդգծել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-