Հայ երեխաները կկարողանան շախմատ սովորել դպրոցներում
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հանրակրաթական դպրոցներում աշակերտներին շախմատ ուսուցանելը կազմակերպելու հնարավորությունը քննարկվել է երեկ ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի և «Գլոբալ Չեսս» (Global Chess) ընկերության գործադիր տնօրեն Ջեֆֆրի Բորգի հանդիպման ժամանակ։
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, «Գլոբալ Չեսսի» տնօրենը նախարարին ներկայացրել է աշխարհի շատ երկրների շախմատի ֆեդերացիաների հետ համագործակցության իրենց ծրագրերը՝ մասնավորապես, հանրակրթական դպրոցներում շախմատի ուսուցում կազմակերպելու ուղղությամբ։
Նա նշել է, որ Հայաստանի ֆեդերացիայի հետ ևս նման ծրագիր իրականացնելու նպատակ ունեն և ակնկալում են կրթական գերատեսչության աջակցությունը։
Բորգը նշել է, որ նման ծրագրեր իրականացվել են Ռուսաստանի մի քանի մարզերում, Վենեսուելայում , սկսել են համագործակցել նաև Թուրքիայի կրթական գերատեսչության հետ։
Նրա խոսքերով, շախմատը միայն մարզաձև չէ, այլ յուրահատուկ միջոց, որը նպաստում է մարդու մտահորիզոնի ընդլայնմանը. «Հատկապես 7-12 տարեկան երեխաներին շախմատ սովորեցնելով՝ կարելի է հասնել կենտրոնանալու, որոշումներ կայացնելու, նախագծելու, վերլուծելու և բազմաթիվ այլ դրական ունակությունների զարգացմանը»,- ընդգծել է «Գլոբալ Չեսսի» ղեկավարը։
Սեյրանյանն իր հերթին նշել է, կարևորում է շախմատը որպես երեխայի մտածողությունը, տրամաբանությունը և բարոյակամային որոշ հատկանիշները զարգացնող միջոց։ Հետևաբար, դպրոցական ծրագրերում այն ներառելու հնարավորությունը պետք է դիտարկել և հաշվարկել ողջ խորությամբ։
«Հայաստանի կառավարության ծրագրերում այժմ առաջնային խնդիր է տնտեսության զարգացումը ոչ միայն նյութական, այլև մտավոր արտադրանքի՝ «մարդկային կապիտալի» որակի բարձրացման առումով, և մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ծրագիր, որ կարող է խթանել այդ նպատակի իրագործումը»,- ասել է նախարարը։
Ըստ նախարարի, ամենակարևոր նախադրյալը, որ կա նման ծրագրի իրականացման համար, հայ ժողովրդի դրական վերաբերմունքն է շախմատի հանդեպ, որ ավելի ընդգծված է դրսևորվում հատկապես հայկական հավաքականի վերջին հաջողություններից հետո։
Հայաստանը 2006 թվակնին Թուրինում (Իտալիա) անցկացված Շախմատի համաշխարհային օլիմպիադայի գործող հաղթողն է։
«Գլոբալ Չեսս» ընկերությունը հիմնադրել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։ Կազմակերպության նպատակը, ՖԻԴԵ-ի հետ համագործակցելով, շախմատի պրոպագանդումն ու տարածումն է աշխարհում։ -0-