Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հարցում ճեղքում չապահովեց. Մարկեդոնով

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որևէ ճեղքում կամ լուրջ տեղաշարժ չառաջացրեց, Մոսկվա-Երևան-Բաքու հեռուստակամրջի ընթացքում չորեքշաբթի հայտարարեց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Հունիսի 6-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջին հանդիպումը, որի հիմնական ձեռքբերումը եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու մասին որոշումը։
Ինչպես նշեց Մարկեդոնովը, գոյություն ուներ հանդիպման նկատմամբ երկու հիմնական մոտեցում. մեկը կարելի է անվանել լրագրողական, որը կարևորում էր հանդիպումը՝ տեղեկատվական առիթի տեսակետից։
«Նախագահները հանդիպել են, նշանակում է՝ սկսվում է լավատեսության պոռթկում, նշանակում է՝ եթե ոչ վաղը, ապա մյուս օրը հակամարտությունը կլուծվի, ճեղքում կլինի», - ասաց Մարկեդոնովը։
Երկրորդ մոտեցումը, քաղաքագետի խոսքերով, կարելի է անվանել քաղաքագիտական, փորձագիտական, որը դիտարկում է համատեքստը։
«Խոսելով համատեքստի մասին՝ ես չէի ասի, որ այն առաջացրեց որևէ ճեղքում կամ լուրջ տեղաշարժ», - ասաց Մարկեդոնովը։
Նա նշեց, որ ՀՀ նախագահին չի կարելի նորեկ անվանել ղարաբաղյան խնդրում կամ քաղաքականության մեջ, քանի որ նա իր կարիերան սկսել է Ղարաբաղում՝ սկսելով կուսակցական ժամանակներից, գլխավորել է Ղարաբաղի զինված ուժերը, եղել է ՀՀ պաշտպանության նախարար։
«Մարդը հիանալի գիտի ղարաբաղյան մասը և այնքան էլ լուրջ չէ ասել, թե նա նորեկ է, նա հոյակապ գիտի իրավիճակը», - նշեց Մարկեդոնովը։
Խոսելով այդ հանդիպման վերաբերյալ կողմերի սեփական և ռազմաքաղաքական համատեքստերի մասին՝ քաղաքագետը նշեց, որ վերջին տարվա ընթացքում կարելի է լուրջ հետընթաց փաստել խաղաղ կարգավորման ճանապարհին։
«2007 թ.-ին հրադադարի գծում փոխհրաձգությունների և բախումների թիվը երեք անգամ ավելի մեծ էր, զոհերն ավելի շատ էին, քան 2006 թ.-ին։ Իսկ մարտի 4-5-ին գրանցվել էր 1994 թ. մայիսին հրադադարի ռեժիմ հաստատելու պահից 14 տարվա ընթացքում ամենալուրջ ռազմական բախումը», - ասաց Մարկեդոնովը։
Միաժամանակ նա նշեց շատ լուրջ ռազմատենչ հռետորականության առկայությունը՝ մեծամասամբ Ադրբեջանի կողմից, որն իրեն դիտարկում է որպես պարտված կողմ։
«Գլխավոր արդյունքն այն է, որ հանդիպումը տեղի է ունեցել, ավելի լավ է հանդիպել և խոսել, դա ամենադրական արդյունքն է, սակայն որևէ ճեղքման մասին խոսել չի կարելի, քանի որ կողմերը ելնում են ոչ միայն իրավիճակի տարբեր գնահատականներից, այլև բուն հակամարտության փիլիսոփայությունից», - ասաց Մարկեդոնովը։
Մասնավորապես, նրա խոսքերով, եթե Ադրբեջանի համար խոսքն «ագրեսիայի» մասին է և որոշիչ է Հայաստանի փաստը, ապա հայկական կողմի համար խոսքը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին է, որտեղ Հայաստանը պարզապես օգնում և երաշխավորում է այդ ինքնորոշումը։
«Ես չեմ տեսնում գոնե 2-3 կետ, որտեղ կողմերը պատրաստ կլինեին փոխզիջումների։ Պարզապես տարբեր է հակամարտության փիլիսոփայությունն ու պատկերը, պարզապես հանդիպման ժամանակ այդ մասին ևս մեկ անգամ խոսվեց և դա արձանագրվեց», - ասաց Մարկեդոնովը։