Հնագետները Հայաստանում հայտնաբերել են քարե դարի և էնեոլիթի դարաշրջանի եզակի համալիր

Հայ հնագետները երկրի հարավում` «Արենի-1» քարայրում, հայտնաբերել են քարե դարի և էնեոլիթի դարաշրջանի եզակի համալիր, որը թվագրվում է մ.թ.ա.. 3900-3700թթ., երեքշաբթի տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
«Նախնական պեղումների ժամանակ «Արենի-1» քարայրում հայտնաբերվել է քարե դարի և էնեոլիթի դարաշրջանի եզակի համալիր՝ կավաշեն կառույցներով։ Գտածոյի եզակիությունն այն է, որ այնտեղ առկա միկրոկլիմայի շնորհիվ պահպանվել են օրգանական նյութերը։ Հնագիտական պրակտիկայում, սովորաբար, այդպիսի բան չի պատահում»,- ասաց Ավետիսյանը երեքշաբթի՝ ելույթ ունենալով «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Նրա խոսքով, համալիրում պահպանված թելերի, կտորների, բրդի և այլ նյութերի նմուշները եզակի նյութ են տալիս դրանց պատրաստման տեխնոլոգիաները և այդ դարաշրջանի մարդկանց կյանքի մասին պատկերացումներն ուսումնասիրելու համար։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը նաև քարայրում գինու արտադրության կամ գինու մառան հայտնաբերելու հիպոթեզ հայտնեց։
Նրա խոսքով, քարայրում հրաշալի պահպանվել են խաղողի կորիզները և անգամ պտղամիսը։ «Դեռ ավելին, ևս մեկ եզակի դեպք՝ դամբարաններից մեկում մեզ հաջողվեց հայտնաբերել գանգ՝ ուղեղի հյուսվածքների մնացորդներով»,- ասաց Ավետիսյանն՝ ավելացնելով, որ պեղված հողի յուրաքանչյուր 5 սանտիմետրն իր մեջ «ցանկացած անակնկալ» է թաքցնում։
«Պեղումների պոտենցիալը հսկայական է, և ինստիտուտը բազմաթիվ միջազգային գիտական կենտրոններից համատեղ աշխատանքի առաջարկներ է ստացել»,- հայտնեց Ավետիսյանը՝ հստակեցնելով, որ, որպես կանոն, այլ երկրներում նման հայտնաբերումներից հետո լաբորատորիաների ցանց է ստեղծվում։
Իր հերթին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Արենի-1» քարայրում պեղումների արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը նշեց, որ Արենիում հայտնաբերված մեծաթիվ և լավ պահպանված խաղողի կորիզները, խաղողի վազերը, ինչպես նաև կավաշեն համալիրները վկայում են այն մասին, որ այդ տարածքում եղել է գինու արտադրության հնադարյան համալիր։
Նրա խոսքով, Արենիի պեղումներն ունեն ոչ միայն մեծ պատմամշակութային նշանակություն, այլև կարող են կարևոր դեր խաղալ զբոսաշրջության զարգացման գործում։
Նրա խոսքով, պեղումները սկսվելու են օգոստոսի 1-ից և տևելու են մինչև հոկտեմբեր։--0—