ՀՀ խորհրդարանի խոսնակը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը

09.06.2008, 19:04
ՀՀ խորհրդարանի խոսնակը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հաղորդեց, որ մատդիր չէ հրաժարական տալ։

«Ես հրաժարական չեմ տալու։ ԱԺ նախագահի փոփոխությունը, նրա հրաժարականը՝ լուրջ իրադարձություն է ցանկացած երկրի համար, որը ենթադրում է կամ տարաձայնություններ երկրի ղեկավարության հետ՝ հիմնահարցերի վերաբերյալ, կամ երկրում քաղաքական իրադրության փոփոխություն, ինչը մեր երկրում առայժմ բացակայում է։ Ես իրավունք չունեմ նման քայլի գնալ»,- ասաց խոսնակը լրագրողներին երկուշաբթի՝ մեկնաբանելով ՀՀ խորհրդարանից նախագահի պաշտոնից իր հեռանալու մասին լուրերը։

Վերջին ժամանակներս Հայաստանում լուրեր են տարածվում, որ Տիգրան Թորոսյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարվել ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնից, իսկ այդ պաշտոնում նշանակվելու է տարածքային կառավարման նախկին նախարար, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը։

Ինչպես ընդգծեց Թորոսյանը, յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գիտակցի իր պատասխանատվությունը ժողովրդի առջև՝ այս կամ այն քաղաքական պաշտոնում և այն, որ «մանկական խաղեր» խաղալու բարոյական իրավունք չունի։

Խորհրդարանի նախագահի խոսքով, բոլորը չէ, որ պատկերացնում են խոսնակի հրաժարականի փաստի նշանակությունը։

«Հրաժարական տալ՝ նշանակում է հարվածել երկրի հեղինակությանը, անտեսել հանրությանը։ Ես երբեք իմ պաշտոնում նման վերաբերմունք չեմ ցուցաբերել հասարակության նկատմամբ»,- ընդգծեց նա։--0—