ՀՀ նախագահը մասնակցել է միջազգային 12-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին

09.06.2008, 18:32
ՀՀ նախագահը մասնակցել է միջազգային 12-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի վերջին օրը` հունիսի 7-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 12-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին, հաղորդեցին նախագահի լրատվական ծառայությունից։

«Ֆորումի ուշադրության կենտրոնում են եղել համաշխարհային տնտեսությանը և տնտեսական զարգացման հեռանկարներին, արդիական մարտահրավերներին ու հնարավորություններին վերաբերող տարբեր խնդիրներ»,- ասվում է «Նովոստի-Արմենիային» տրամադրված հաղորդագրությունում:

Պետական այրերի, միջազգային ֆինանսատնտեսական կառույցների, գործարար աշխարհի և ԶԼՄ ներկայացուցիչների ու փորձագետների լայն շրջանակների մասնակցությամբ տեղի ունեցած ֆորումում քննարկվել են նաև սննդամթերքի  և վառելիքաէներգետիկ ռեսուրսների միջազգային շուկայում գների բարձրացմանը, մարդկային կապիտալում ներդրումներին, ԱՊՀ տարածաշրջանում տնտեսական համագործակցության և զարգացման հեռանկարներին, պետական ինստիտուտների թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:--0—