Հայաստանի խորհրդարանում ծրագրվում է ընդլայնել ընդդիմության լիազորությունները
Երկուշաբթի ՀՀ խորհրդարանը սկսել է քննարկել Ազգային ժողովի «Կանոնակարգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը նախատեսում է խորհրդարանական ընդդիմության լիազորությունների ընդլայնում։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարեց Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, օրինագծի նպատակն է խորհրդարանական ընդդիմության դերի առավել հստակ ամրագրումը, նրա կառուցվածքայնության և պատասխանատվության բարձրացումը։
Հարությունյանն ասել է, որ առաջին հերթին փոփոխությունների փաթեթը տալիս է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության սահմանումը, որը համարվում է այդպիսին, եթե այն ներկայացված չէ կառավարությունում և նրա ղեկավարը կրկին ձևավորված խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարում է խմբակցության ընդդիմադիր ուղղվածության մասին։
Հարությունյանի խոսքերով, փոփոխությունների երկրորդ կարևորագույն պահը խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների պաշտոնների բաշխման սկզբունքն է։
Նա նշեց, որ այժմ պաշտոնների բաշխման ժամանակ որոշիչ դեր է խաղում խորհրդարանական մեծամասնությունը։ «Սակայն ընդդիմության համար ևս պետք է պաշտոններ երաշխավորել», - ասել է Հարությունյանը։
Բացի այդ, փոփոխությունների նախագծի համաձայն, խորհրդարանական ընդդիմությունը իրավունք է ստանում խորհրդարանի քառօրյա նստաշրջանի երկրորդ օրը արտահերթ քննարկման ներկայացնել մեկ հարց։
Հարությունյանը հիշեցրել է, որ գործող կանոնակարգի համաձայն, արտահերթ կարգով հարցի քննարկման համար պահանջվում էր պատգամավորների մեկ երրորդի ստորագրահավաք։
Բացի այդ, խորհրդարանական ընդդիմությունն առաջնահերթ իրավունք է ստանում՝ հարցեր տալ կառավարության անդամներին կառավարական ժամի ընթացքում։
Հանձնաժողովի նախագահի խոսքերով, փոփոխությունների փաթեթը հիմնվում է մի շարք հիմնական սկզբունքների վրա։ Մասնավորապես, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ խորհրդարանն արտացոլում է հասարակության բազմաշերտությունը, շեշտը դրվում է խորհրդարանական ընդդիմության դերի կառուցվածքայնության և պատասխանատվության վրա և երաշխավորվում է ոչ միայն խորհրդարանական, այլ նաև արտախորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ որպես ժողովրդավարության իրավական տարր։
Հարությունյանն ասել է, որ Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունն ու լրացումը կապահովեն խորհրդարանական ընդդիմության դերի բարձրացումը, բարենպաստ պայմանների կստեղծեն՝ նրա գործունեության համար։
«Փոփոխությունների փաթեթը մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևի պահանջները, մասնավորապես՝ ժողովրդավարական խորհրդարաններում ընդդիմության գործունեության վերաբերյալ»։-0-

