ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում
ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։
Մամուլի քարտուղարն ավելացրեց, որ Տեր-Պետրոսյանը գտնվում է Փարիզում։ Այցի նպատակները չեն հրապարակվում։
Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի պաշտոնը 1991-1998 թթ.-ին։ Նա հրաժարական է տվել՝ իշխանական վերնախավում ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ առաջացած տարաձայնությունների պատճառով։
2008 թ.-ին Տեր-Պետրոսյանը մասնակցել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին և հավաքել ձայների 21,5 տոկոսը՝ նախագահի պաշտոնը զիջելով երկրի այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին (52,82 տոկոս)։ Ընտրությունների արդյունքներից դժգոհ նախկին նախագահի կողմնակիցները բողոքի ցույցեր էին անցկացնում, որոնք մարտի 1-ին վերածվեցին զանգվածային անկարգությունների՝ հանգեցնելով մարդկային զոհերի։-0-