Հայաստանում բացվել է «Շախմատի հսկաներ. Երևան 2008» միջազգային մրցաշարը

Կիրակի Երևանում տեղի է ունեցել «Շախմատի հսկաներ. Երևան 2008» (Chess Giants Yerevan 2008) արագ շախմատի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։
«Այսօր Հայաստանում շախմատի մեծ տոն է, որտեղ ութ առաջատար գրոսմայստերների մասնակցությամբ բացվում է միջազգային մրցաշար», - բացման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Շախմատի հսկաներ. Երևան 2008» մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը (բոլորը Հայաստանից), Ալեքսանդր Մորոզևիչը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Մայքլ Ադամսը (Անգլիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Բու Սյանչժին (Չինաստան)։
Ինչպես նշել է վարչապետը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում շախմատի սիրահարները կարող են իսկական հաճույք ստանալ գրոսմայստերների խաղից։
«Հայաստանում շախմատի հանդեպ հետաքրքրությունը պայմանավորված է ավանդույթներով, որոնք սկսվել են Տիգրան Պետրոսյանից (շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն – «Նովոստի-Արմենիա») և որոնք Թուրինում՝ Օլիմպիադայի ժամանակ շարունակել է Շախմատի հավաքականը (2006 թ.-ին Հայաստանի հավաքականը առաջատարն էր Օլիմպիադայում – «Նովոստի-Արմենիա»)», - նշել է Սարգսյանը։
Վարչապետը կարծում է, որ միջազգային մրցաշարի անցկացումը Երևանում արձագանք կգտնի ողջ աշխարհում և կամրապնդի Հայաստանում արդեն գոյություն ունեցող շախմատային ավանդույթները։
Նա հաջողություն է մաղթել մրցաշարի մասնակիցներին և հույս հայտնել, որ Երևանում կբացվեն հնագույն խաղի նոր գաղտնիքները։
ՖԻԴԵ-ի կոմերցիոն տնօրեն Ջեֆրի Բորգն իր հերթին նշել է, որ միջազգային մրցաշարի մասնակիցները շախմատի հայ սիրահարներին կնվիրեն հաճելի պահեր։
«Մենք բոլորս հպարտ ենք, որ գտնվում ենք Տիգրան Պետրոսյանի հայրենիքում և շատ այլ հռչակավոր հայ շախմատիստների տանը», - ասել է նա։
Բորգը շնորհակալություն է հայտնել Հայաստանի շախմատի ֆեդերացիային՝ միջազգային մրցաշարի կազմակերպման և անցկացման համար։
Նա նշել է, որ ՖԻԴԵ-ն մտադիր է աջակցել շախմատի առավել զարգացմանը Հայաստանում։
Մինչև բացման արարողությունը մրցաշարի մասնակիցներն ու ՀՀ վարչապետը ծաղիկներ են դրել շախմատի աշխարհի իններորդ չեմպիոն (1963-1969 թթ) Տիգրան Պետրոսյանի հուշարձանի մոտ։
«Շախմատի հսկաներ. Երևան 2008» մրցաշարը կանցակցվի շրջանակային համակարգով՝ 14 փուլով։
Պարտիային տրամադրված է 25 րոպե՝ յուրաքանչյուր հաջորդ քայլին 10 վայրկյան ավելացմամբ։
Առաջին փուլում Արոնյանը կխաղա Հակոբյանի, Մորոզևիչը Գելֆանդի, Սյանչժին Լեկոյի և Ադամսը Սարգսյանի հետ։
Մրցաշարի շրջանակներում հանդիպումները տեղի կունենան Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ օրական երկու հանդիպում։ «Շախմատի հսկաներ» մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար դոլար։
Հաղթողը կստանա 70 հազ. դոլար, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակակիրները՝ համապատասխանաբար, 50 և 40 հազար դոլար։ Վերջին՝ ութերորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա 12 հազ. դոլար։
Ավելի վաղ Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը հայտարարել էր, որ «Շախմատի հսկաներ. Երևան 2008» շախմատի մրցաշարը «հանրապետությունում երբևէ անցկացված մրցաշարերից ամենահզորը կլինի»։
«Դա գրեթե 20-րդ կատեգորիայի մրցաշար է։ Այստեղ խաղալու են շատ ուժեղ շախմատիստներ, և եթե մենք նման մրցաշարերն ավանդական դարձնենք, ապա այն ապագայում աշխարհի ուշադրությունը կգրավի Հայաստանի նկատմամբ», -ասել էր Լպուտյանը։-0-