Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Ճանաչիր մայրաքաղաքը» դպրոցական մրցույթի առաջին փուլի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը ուրբաթ հայտարարել է «Ճանաչիր մայրաքաղաքը» մրցույթի առաջին փուլի արդյունքները, որն անցկացվեց Երևանի դպրոցների աշակերտների միջև՝ 2008թ. հունվար-մայիս ամիսներին։
Ինչպես լրագրողներին ասաց մայրաքաղաքի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, մրցույթի հիմնական նպատակն է՝ դպրոցականներին օգնել ճանաչել քաղաքը, որտեղ նրանք ապրում են, ճանաչել նրա պատմությունը։
«Մենք շատ զգուշորեն ենք մոտեցել մրցույթի գաղափարին, սակայն պարզվեց, որ մեր դպրոցականներն ունեն մեծ ներուժ, հզոր միտք, ակտիվորեն հետաքրքրվում են մայրաքաղաքի կյանքով»,- հայտարարեց փոխքաղաքապետը։
Արեյանի խոսքով, մրցույթի պայմանների համաձայն, դպրոցականների առաջ խնդիր էր դրված՝ ընտրել փողոց, հուշարձան, շինություն կամ հրապարակ և պատմել, թե որքան լավ են նրանք ճանաչում այդ վայրերը։
Փոխքաղաքապետը կարծում է, որ դպրոցականների ակտիվ մասնակցությունը և նրանց ոգևորությունը խոսում է նման միջոցառումներն ավանդական դարձնելու անհրաժեշտության մասին, քանի որ այսօր մայրաքաղաքի բնակչությունը լիարժեք ծանոթ չէ Երևանին։ «Այդ միջոցառումները կօգնեն ճանաչել և սիրել մեր քաղաքը»,- ասաց նա։
«Ճանաչիր մայրաքաղաքը» մրցույթն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլին մասնակցել է 148 անհատական և խմբակային աշխատանք։ Հատուկ ժյուրին, որի կազմում ընդգրկվել են արվեստի, մշակույթի, ճարտարապետության, քանդակագործության, գրականության և լեզուների մասնագետներ, ընտրել է 10 լավագույն անհատական և 5 խմբակային աշխատանք։
Անհատական աշխատանքների հաղթողները որպես նվեր ստացել են Արամ Խաչատրյանի 105-ամյակին նվիրված ալբոմներ, իսկ խմբակային անվանակարգի հինգ հաղթողներ Կենտրոն համայնքից իրավունք են ստացել անվճար այցելել Երևանի բոլոր ցուցահանդեսները և թանգարանները, ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ներկայացումների տոմսեր։
Տվյալ պահին տարվում են մրցույթի երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները։ Նախատեսվում է երկրորդ փուլը հայտարարել 2008թ. սեպտեմբերին։--0—

