Հայկական կողմը կառուցվածքային է համարում Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմը կառուցվածքային է համարում Սանկտ-Պետերբուրգում ուրբաթ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները, «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո սա Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումն էր իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։
Նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը նախորդել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի գրեթե մեկ ժամ տևած հանդիպումը:
Սարգսյանի և Ալիևի հանդիպումը սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի և Բեռնար Ֆասիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:
Այնուհետև երկու երկրների ղեկավարները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով: Առանձնազրույցը տևել է մեկ ժամ, որից հետո նախագահներին կրկին միացել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:
«Ճանաչողական հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի վերաբերյալ իրենց տեսակետները և արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են` ԵԱՀԿ համանախագահների հետ համագործակցությամբ շարունակել բանակցությունները»,- նշեցին լրատվական ծառայությունից։
Նախագահները նաև ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքը կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները հունիսի վերջին կայցելեն տարածաշրջան: Այցի կոնկրետ ժամկետները կճշտվեն առաջիկայում:
Նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը հաջորդել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների ևս մեկ հանդիպում:--0—