Հայաստանին անհրաժեշտ է հաղթահարել կախվածությունը արտասահմանյան տրանսֆերտներից. USAID

06.06.2008, 15:04
Հայաստանին անհրաժեշտ է հաղթահարել կախվածությունը արտասահմանյան տրանսֆերտներից. USAID

Հայաստանի համար կարևորագույն խնդիրներից է արտասահմանյան տրանսֆերտներից կախվածության հաղթահարումը, կարծում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Ռոբերտ Սինգլեթարին։

«Անխոս, որոշակի ժամանակաշրջանում տրանսֆերտները անգնահատելի աջակցություն են ցուցաբերել ՀՀ քաղաքացիներին, սակայն տնտեսության կառուցվածքի համար տրանսֆերտները թմրանյութի նման բան են», - ասաց Սինգլեթարին ուրբաթ Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2008 թ. առաջին եռամսյակում Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց համար ստացվել է 265,7 մլն դոլար ոչ կոմերցիոն բնույթի միջոց՝ 30,9 տոկոսով գերազանցելով 2007 թ.-ի հունվար-մարտ ամիսների մակարդակը։

Սինգլեթարիի խոսքերով, վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի ֆինանսական հատվածը գրանցել է զարգացման կայուն միտումներ, ինչը անմիջական ազդեցություն կունենա ընդհանուր առմամբ երկրի տնտեսական զարգացման վրա։ Նա նշեց, որ ֆինանսական ոլորտը զբաղեցնում է առաջնային դիրքերից մեկը՝ տնտեսության զարգացման ընդհանուր գործընթացում։

«Արարատբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանն իր հերթին, խոսելով երկրի ղեկավարության կողմից վերջին ժամանակներս հնչեցվող՝ Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարի մասին, ասաց, որ հանրապետությունն այս ամենի համար մի շարք նախադրյալներ ունի, որոնք անհրաժեշտ է լիարժեք օգտագործել։

«Հայաստանում տարածաշրջանային ֆինանսական կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ է բարձրացնել ֆինանսական միջնորդության մակարդակը, ինչպես նաև ստեղծել բարենպաստ պայմաններ շուկայում», - պարզաբանեց նա։

Օսիպյանը նաև նշեց, որ միջազգային ֆինանսական կառույցները լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի բանկային հատվածի նկատմամբ։

«Երկրի ֆինանսական շուկայի մասնակիցները զգում են միջազգային կառույցների այդ հետաքրքրությունը, ինչը երկրում գիտելիքների և տեխնոլոգիաների հետ՝ թույլ է տալիս ներկայացնել նման հավակնոտ ծրագրեր», - ընդգծեց նա՝ ավելացնելով, որ դրանց իրագործման համար անհրաժեշտ է բավականին երկար ուղի անցնել։-0-