Հայաստանի խորհրդարանում ընթանում են նախագահական ընտրությունների և հետընտրական գործընթացների մասին օմբուդսմենի զեկույցի վերաբերյալ լսումները

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային ժողովում հինգշաբթի տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական գործընթացների վերաբերյալ հրապարակային զեկույցի հետ։
Զեկույցը հրապարակվել է ապրիլի վերջին և պարունակում է մի շարք հարցեր՝ կապված երկրում հետընտրական գործընթացների հետ, մասնավորապես, բողոքի ակցիաների, իրավապահ մարմինների կողմից համարժեք ուժի կիրառման և ԶԼՄ-ների գործունեության հետ։
ՀՀ գլխավոր դատախազությունը և Արդարադատության նախարարությունը իրենց բողոքն են արտահայտել զեկույցի դրույթների վերաբերյալ՝ դրանք անվանելով միակողմ, սուբյեկտիվ։ Բացի դա, այդ երկու մարմինների կարծիքով, օմբուդսմենը գերազանցել է իր լիազորությունների շրջանակը։
Ինչպես լսումների ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, զեկույցում, մասնավորապես, բացահայտվում է սոցիալ-հոգեբանական մթնոլորտի փոփոխությունների դինամիկան՝ հետընտրական շրջանում ընտրական գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու անհնարինության պայմաններում։
«Զեկույցի նպատակն է լայն քննարկման առարկա դարձնել այն խնդիրները, որոնց լուծումը կարող է նպաստել հասարակության երկպառակտման հաղթահարմանը և պայմաններ ստեղծել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար»,- ասաց նա։
Նրա խոսքով, Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքները չեն մեղմացրել զեկույցում ընդգրկված հարցերի վերաբերյալ հասարակությունում առկա մտահոգությունները և ուղղված են բազմակարծության և խոսքի ազատության դեմ։
«Զեկույցում պարունակվող փաստարկները դուրս են բերվել ենթատեքստից և խեղաթյուրվել են, ինչը կարելի է դիտարկել որպես անհանդուրժողականության ևս մեկ դրսևորում»,- ասաց օմբուդսմենը։
Նրա խոսքով, զեկույցում վերլուծելով նախագահական ընտրությունների հետ կապված գործընթացները, հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ստեղծված նախընտրական և հետընտրական իրավիճակների ձևավորմանը նպաստել են բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, որոնք լուծում չեն ստացել։
Նրա խոսքով, հասարակության մեծ մասի մոտ ծայրահեղական գործունեություն ծավալելու պահանջ է առաջացրել։
«Սահմանադրական ընդդիմությունը հնարավոր է միայն այն հասարակությունում, որն ունի ժողովրդավարական սկզբունքների վրա ձևավորված քաղաքական համակարգ։ Եթե իշխանությունները ղեկավարվում են ոչ ժողովրդավարական սկզբունքներով, ապա նրանք դատապարտված են ունենալ պառակտված հասարակություն՝ չհամակերպվող ընդդիմության հետ»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով, այսօր հայ հասարակությունը կանգնած է այլընտրանքի առջև՝ զարգանալ ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման ճանապարհով կամ իշխանությունների ինքակամ միտումներն ամրապնդելու ուղիով։
Դրա հետ մեկտեղ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օմբուդսմենի ելույթը անվանեց քաղաքական և նրան կոչ արեց գործել միայն իր լիազորությունների շրջանակներում։
«Սա առաջին դեպքն է, երբ օմբուդսմենը հրապարակայնորեն ելույթ է ունենում քաղաքական իրավիճակի վերլուծությամբ. եվրոպական ոչ մի երկրում նման նախադեպ չի եղել»,- ասաց գլխավոր դատախազը։--0—