ՀՀ պաշտպանության նախարարը պատերազմը վերսկսելու նախադրյալներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայումս ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները վերսկսելու նախադրյալներ չկան, սակայն Հայաստանը պետք է ամեն վայրկյան պատրաստ լինի դրան, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«ՀՀ ղեկավարությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծվի բացարձակապես խաղաղ ճանապարհով։ Այսօր մենք ապրում են ոչ խաղաղության, ոչ էլ՝ պատերազմի պայմաններում, քանի որ Ադրբեջանի հետ չունենք խաղաղության համաձայնագիր»,- ասաց Օհանյանը չորեքշաբթի՝ Հայաստանի պետական գյուղատնտեսական ակադեմիայի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
Նախարարի խոսքով, հայկական բանակի առանձնահատկությունն այն է, որ սահմանների պաշտպանության հետ մեկտեղ բանակը ռազմական հերթապահություն է իրականացնում։ Ներկայումս, ինչպես տեղեկացրեց Օհանյանը, Հայաստանին հաջողվում է տարածաշրջանում պահպանել ուժերի հավասարությունը՝ ռազմական տեխնիկայի և սպառազինության մշտական արդիականացման շնորհիվ։
Ինչպես տեղեկացրեց պաշտպանության նախարարը, հասկանալի պատճառներով, Հայաստանը և Ադրբեջանը տարբեր ֆինանսական հնարավորություններ ունեն ռազմական տեխնիկայի և սպառազինության ապահովման համար։
«Սակայն դա չպետք է վախեցնի մեզ, քանի որ 1992-1993թթ. եղել է նման իրավիճակ, և Հայաստանը կարողացել է այդ պայմաններում հաղթել և ապահովել ժողովրդի անդորրը»,-նշեց Օհանյանը։
Միաժամանակ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ արեց չթերագնահատել Ադրբեջանի զինված ուժերը, որտեղ ներկայումս նույնպես բարեփոխումներ են անցկացվում։ Օհանյանն ավելացրեց, որ առաջնային դիրքերում Հայաստանի ԶՈՒ-ն աառվելություն ունի և հանդես է գալիս որպես պայմաններ թելադրող կողմ։
«Մարտի 4-ի դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զորքը պատրաստ է դիմակայել ագրեսիային»,-ընդգծեց Օհանյանը։
Մարտի 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն-գրոհային խումբը գրոհել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ բնակավայրի գյուղի մերձակայքում տեղակայված ԼՂՀ պաշտպանության բանակի առաջատար մարտական դիրքերից մեկը և ժամանակավորապես այն վերցրել իր վերահսկողության տակ, սակայն պատասխան գործողությունների արդյունքում այն ետ է շպրտվել նախկին դիրքեր։ Ադրբեջանական կողմից զոհվել է ութ զինծառայող, հայկական կողմից վիրավորվել է մեկ զինվոր։ Մարտի 7-ին ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը։--0—