Հայկական բուհերում 2008 թ. անցողիկ բալը բավականին ցածր է լինելու. փոխնախարար
Հայկական բուհերում 2008 թ. անցողիկ բալը բավականին ցածր է լինելու, կանխատեսում է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը։
Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նա ներկայացրեց հունիսի 2-ին կայացած հայոց լեզվի և գրականության միասնական պետական քննության (ՄՊՔ) նախնական արդյունքները։
«Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ քննությունն անցել է բավականին հաջող, ավելի լավ, քան անցյալ տարի, և նախնական պատկերը համապատասխանում է մեր սպասումներին», - ասաց Եսայանը։
Նրա խոսքերով, հայոց լեզվի և գրականության առաջին քննությունը հանձնած 13 հազ. 643 աշակերտներից 64-ը ստացել են բարձր բալեր (19,75-20)։
«Դա խոսում է այն մասին, որ մեզ մոտ կկրկնվի անցյալ տարվա պատկերը՝ բուհեր ընդունվելիս բավականին ցածր մրցույթի առկայությունը։ Փաստորեն, առավել հեղինակավոր ֆակուլտետներ ընդունվելու համար հայոց լեզվից 15-16 բալը բավականին լավ սկիզբ է», - ասաց փոխնախարարը։
Նա նաև նշեց, որ շրջանավարտների մոտ 6 տոկոսը ստացել են անբավարար գնահատականներ, ՄՊՔ-ի մասնակիցների ճնշող մեծամասնությունը ստացել է 12-14 բալ։
«Ընդհանուր առմամբ հայոց լեզվից անբավարար գնահատականներ ստացած աշակերտների թիվը համապատասխանում է անցած տարիներին այդ առարկայից կենտրոնացված քննական համակարգի ժամանակ ընդունելության քննություններից կտրվողների տոկոսին», - ասաց Եսայանը։
Միասնական պետական քննությունները կանցկացվեն Հայաստանում հունիսի 2-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի, ի տարբերություն 2007 թ.-ի, երբ ՄՊՔ-ի պրակտիկան ներդրվեց երկրում, դպրոցների շրջանավարտներն այս համակարգով կհանձնեն ոչ միայն հայոց լեզուն և գրականությունը, այլ նաև մաթեմատիկան և օտար լեզուները։
Դպրոցների այն շրջանավարտները, որոնք չեն ցանկանում համալսարան ընդունվել, հանձնում են թեստային «А» տարբերակը, իսկ մյուսները՝ բուհերի ընդունելության հարցերից բաղկացած «B» տարբերակը։-0-

