ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը վստահ է, որ Աբխազիայի երկաթուղին բացվելու է
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը կարծում է, որ Աբխազիայի հետ երկաթուղին, վաղ թե ուշ, բացվելու է։
Ռուսաստանի երկաթուղային զորքերի ստորաբաժանումները մայիսի 31-ին մտել են Աբխազիայի տարածք՝ ՌԴ նախագահի այդ երկրին հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին հրամանագրի համաձայն երկաթուղին վերականգնելու նպատակով։
«Ես կարծում եմ, որ այս հարցի լուծումն ավելի շուտ քաղաքական, քան տեխնիկական հարթակի վրա է գտնվում»,- ասաց Սարգսյանը երեքշաբթի լրագրողներին։
Միաժամանակ, նախարարը նշեց, որ Աբխազիայի երկաթուղին կարող է նպաստել Հայաստանի տարածքով տարանցիկ երկաթուղային հաղորդակցություն բացելու որոշմանը։
«Այս գործընթացում դրական դեր կարող է ունենալ ներկայումս քննարկման մեջ գտնվող Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության նախագիծը, որում իրենց շահագրգռվածությունն են հայտնել ինչպես հայկական, ռուսական և իրանական կողմերը, այնպես էլ մի շարք միջազգային ֆինանսավարկային կազմակերպություններ»,- պարզաբանեց նա։ Նախարարը նշեց, որ նման սցենարը «Հայաստանի տնտեսության զարգացման համար անգնահատելի նշանակություն կարող է ունենալ»։
Ներկայումս Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության հարցը գտնվում է երկու երկրների իրավասու գերատեսչությունների կողմից քննարկման փուլում։
Այս երկաթուղին Հայաստանին թույլ կտա օգտվել էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ճանապարհից, ստանալով արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորություն այն դեպքում, երբ այժմ Հայաստանի երկաթուղային հաղորդակցումը կատարվում է միայն Վրաստանի միջոցով։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Աբխազիայի երկաթուղու վերականգնումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Վրաստանի պայմանավորվածություններին։ Իր հերթին, վրացական կողմը Ռուսաստանի գործողությունները գնահատել է որպես ագրեսիա։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության կարծիքով, երկաթուղու վերականգնողական աշխատանքները «համապատասխանում են ոչ միայն Աբխազիայի բնակչության սպասումներին, այլև անվերապահորեն կծառայեին կովկասյան ողջ տարածաշրջանի շահերին, այդ թվում, բնականաբար, և Վրաստանի»։--0—

