«Ոսկե ծիրան» միջազգային հինգերորդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 13-20-ը

03.06.2008, 17:15
«Ոսկե ծիրան» միջազգային հինգերորդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 13-20-ը
«Ոսկե ծիրան» միջազգային հինգերորդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 13-20-ը

Երևանում հուլիսի 13-ին կբացվի «Ոսկե ծիրան» հինգերորդ ամենամյա միջազգային կինոփառատոնը, ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը։

Նրա խոսքերով, կինոփառատոնը կբացվի ծագումով հայ, ուկրաինացի կինոռեժիսոր Ռոման Բալայանի «Դրախտի թռչնակներ» ֆիլմով։

«Մենք միշտ ջանում ենք փառատոնի բացման համար ընտրել հայ կինոռեժիսորի աշխատանք»,- երեքշաբթի լրագրողներին Երևանում ասաց Ստամբոլցյանը։

Բալայանի ֆիլմը պատմում է մարդու ազատության գնի մասին։ Ֆիլմում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում ԽՍՀՄ ժամանակաշրջանում։ Ֆիլմի համար հիմք է դարձել ռուս գրող-էմիգրանտ Դմիտրի Սավիցկովի «Վալս Կ-ի համար» վեպը, սցենարի հեղինակն է Ռուստամ Իբրագիմբեկովը (Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի սցենարի համահեղիանակը), իսկ ֆիլմում գլխավոր դերերում հանդես եկել Օլեգ Յանկովսկին ու Օկսանա Ակինշինան։

Ծրագրի տնօրենը հայտնեց նաև, որ այսօրվա դրությամբ փառատոնին մասնակցելու 400 հայտ է ներկայացվել 65 երկրից։

Ինչպես և միշտ, մրցութային ֆիլմերը կներկայացվեն հետևյալ անվանակարգերում՝ «Խաղարկային ֆիլմեր», «Վավերագրական ֆիլմեր» և «Հայկական համայնապատկեր»։

Ստամբոլցյանի խոսքերով, դրանից բացի, Լրագրողների միջազգային դաշնությունը հատուկ մրցանակ է պատրաստել «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի հաղթողներին։

«Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերը կլինեն հայտնի գերմանացի կինոռեժիսոր, Եվրոպական կինոակադեմիայի նախագահ Վիմ Վենդերսը, իրանցի հանրահայտ ռեժիսոր Դարիուշ Մեհրջուին, սերբ նշանավոր ռեժիսոր Գորան Պասկալևիչը, ֆրանսիացի անվանի ռեժիսոր Կատրին Բրեյան։

Դրանից բացի, պատմական հայրենիք կատարած իրենց ժամանումով երկրպագուներին կուրախացնեն նաև հայ կինոռեժիսորներ Արտավազդ Փելեշյանն ու Ատոմ Էգոյանը։

Փառատոնի շրջանակներում մի շարք արտամրցութային ծրագրեր են նախատեսված, այդ թվում՝ վարպետության դասընթացների անցկացում, որի արդյունքում հայ և արտերկրի ռեժիսորների մասնակցությամբ համատեղ ֆիլմ կնկարահանվի։

«Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրենն ավելացրեց, որ փառատոնի շրջանակներում կանցկացվի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագիրը։

Այսպես, հայ հանդիսատեսին կներկայացվեն ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի  «Երիտասարդություն առանց երիտասարդության», սերբ ռեժիսոր Գորան Պասկալևիչի «Լավատեսները», գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսի վերջին ֆիլմը՝ «Նկարահանումներ Պալերմոյում», ինչպես նաև ֆրանսիացի Կատրին Բրեյայի մի քանի աշխատանքներ՝ «Հին սեր», «Սիրավեպ», «Քրոջս մասին»։

«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։--0--