UNICEF-ը շարունակելու է Հայաստանում զանգվածային պատվաստումների անցկացման պրակտիկան

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ –ի մանկական հիմնադրամը (UNICEF) շարունակելու է Հայաստանում զանգվածային պատվաստումների անցկացման պրակտիկան, հայտարարեց Հայաստանում UNIСEF-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը։
Նա նշեց, որ այսօր հենց պատվաստումների շնորհիվ է, որ Հայաստանում հաջողվեց լիովին հաղթահարել պոլիոմիելիտը։
«Մենք անպայման շարունակելու ենք պատվաստումների անցկացման նախաձեռնությունը, քանի որ դա լավագույն ներդրումն է երեխաների առողջական վիճակը բարելավելու գործում»,- ասաց Յեթը երկուշաբթի Երևանում՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ բոլոր երեխաները պետք է պատվաստումներ ստանան, ինչը թույլ կտա նրանց պաշտպանել մի շարք հիվանդություններից։ Այս համատեքստում նա ընդգծեց ոչ միայն մշտական իմունացման կարևորությունը, այլև որոշակի հիվանդությունների դեմ պայքարի զանգվածային ակցիաների կարևորությունը։
«Զանգվածային ակցիաները կարևոր են, հատկապես եթե մեծ թվով մարդիկ ժամանակին չեն ստացել պատվաստումները»,- ընդգծեց Յեթը։
Միաժամանակ, նա նշեց, որ դեռևս չի կարող ասել, թե նախատեսվում է արդյոք 2008թ. զանգվածային իմունացման ակցիա՝ որևէ հիվանդության դեմ, քանի որ այս հարցը հիմա գտնվում է քննարկման փուլում։
2007թ. հոկտեմբերի 1-13-ը Հայաստանում տեղի ունեցավ կարմրուկի և բնածին կարմրախտի դեմ համաեվրոպական ակցիա՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից 2007 թ.-ի հունիսի 28-ին հաստատված «Կարմրուկի և կարմրախտի հիվանդացության տեղական դեպքերի վերացման, խոզուկի հիվանդացության ղեկավարման և կարմրախտի բնածին ախտանիշների կանխարգելման նպատակով 2007-2010 թթ.-ի համար նախատեսված ազգային ծրագրի» շրջանակներում։
Կարմրուկի և կարմրախտի դեմ Հայաստանում պատվաստվեց 6-27 տարեկան 776 հազար 451 մարդ, ինչը կազմում է տարիքային այս խմբի բնակչության 96 տոկոսը։
Ակցիան իրականացվեց ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամի և ԱՄՆ Պետդեպարտամենտի համագործակցությամբ։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է, ընդհանուր առմամբ, 1,7 մլն. դոլար։--0—