Երևանում տեղի է ունենում Ռոտերդամի կոնվենցիայի իրականացման հարցերով տարածաշրջանային խորհրդակցություն
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում երկուշաբթի մեկնարկել է Վտանգավոր քիմիական նյութերի վերաբերյալ Ռոտերդամի կոնվենցիայի իրականացման հարցերով տարածաշրջանային խորհրդակցություն։ Խորհրդակցությունը տևելու է մինչև հունիսի 6-ը, «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից։
«Ի նկատի ունենալով, որ Հայաստանում չի գործում «Քիմիական նյութերի մասին» օրենք, Կոնվենցիայի դրույթների իրականացումը երկրում բավական արդիական է դառնում»,- նշեցին լրատվական ծառայությունից։
Առանձին վտանգավոր քիմիական նյութերի և թունաքիմիկատների նկատմամբ միջազգային առևտրում նախնական հիմնավորված համաձայնության գործընթացի մասին Ռոտերդամի կոնվենցիան հաստատվել է 1998թ. սեպտեմբերի 10-ին Ռոտերդամում, իսկ 2004թ. փետրվարին ուժի մեջ մտել և դարձել պարտադիր իրավական փաստաթուղթ այն հավատարմագրած երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։
2005թ. մարտին ՀՀ կառավարությունը հաստատել է Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորվող և Հայաստանում արգելված 33 անվանում քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկը։
ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրության համաձայն, բնապահպանության ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը նպատակաուղղված է քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարման ապահովմանը՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վտանգավոր ազդեցությունը կանխարգելելու համար։
Այս առումով, առավել կարևոր է քիմիական նյութերի անվտանգ արտադրության, գործածության և դրանց պատշաճ օգտագործման օրենսդորւթյան և տեխնիկական ենթակառուցվածքների զարգացումը։ Վերջին տասնամյակներում քիմիական արդյունաբերության ծավալների էական աճը և արտադարանքի իրացումը, որն ուղեկցվում է մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա քիմիական նյութերի վնասակար ներգործությամբ, լուրջ մտահոգություն է առաջացրել բնակչության տարբեր խավերի շրջանում։
Առավել խոցելի են այն երկրները, որտեղ չեն գործում քիմիական նյութերի և թունաքիմիկատների ներմուծման, արտահանման և օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան ենթակառուցվածքներ։
Առևտրային գործարքների կնքման ժամանակ քիմիական նյութերի մակնիշման վերաբերյալ պահանջների կատարումը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց պոտենցիալ վտանգավոր ազդեցության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը կնպաստեն քիմիական նյութերի անվտանգ օգտագործման խթանմանը, ինչը բավական արդիական է Հայաստանի ՀԱԿ-ի (Համաշխարհային առևտրային կազմակերպություն) անդամակցության պայմաններում։
Ռոտերդամի կոնվենցիայի նպատակն է նպաստել վտանգավոր քիմիական նյութերի վնասակար ազդեցությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության գործում ներկրող և արտահանող երկրների համատեղ-ընդհանուր պատասխանատվության ապահովումը։
Կոնվենցիան երկրներին թույլ է տալիս իրականացնել առանձին վտանգավոր քիմիական նյութերի առևտրի մոնիտորինգ և հսկողություն։ Փաստաթուղթը ներկրող երկրներին թույլ է տալիս նաև որոշել, թե որ քիմիական նյութերը կարելի է իրացնել, ինչպես նաև բացառել այն նյութերը, որոնց անվտանգ կարգավորումը հնարավոր չէ ապահովել։
Կոնվենցիան կիրառվում է պեստիցիդների և վտանագվոր քիմիական նյութերի նկատմամբ, որոնք արգելված կամ խիստ սահմանափակված են Կոնվենցիայի անդամ-երկրներում։
Փաստաթուղթը նախատեսում է նաև տեխնիկական օգնություն տրամադրել՝ քիմիական նյութերի ռացիոնալ օգտագործման բնագավառում անհրաժեշտ ենթակառուցվածքների և ներուժի զարգացման համար։
Կոնվենցիայի դրույթների համաձայն, քիմիական նյութերի կարգավորման ոլորտում առավել առաջադեմ ծրագրեր ունեցող կողմերը պարտավոր են տեխնիկական օգնություն ցույց տալ մյուս կողմերին։
Երևանում տարածաշրջանային խորհրդակցության կազմակերպիչներն են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Ռոտերդամի կոնվենցիայի քարտուղարությունը՝ Հայաստանի և Շվեյցարիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ։--0—