Հայաստանում տեղի է ունեցել ազգային խորհրդանիշերի մասին գրքի, ֆիլմի և մուլտֆիլմի շնորհանդեսը
Հայաստանի ազգային խորհրդանիշերը ներկայացնող գրքի, ֆիլմի ու մուլտֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ հինգշաբթի Երևանում։
Ինչպես հայտնեց «Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ» գրքի հեղինակ Սեյրանուհի Գեղամյանը, իր աշխատանքը նախատեսված է հիմնականում երեխաների համար և բաղկացած է երեք հիմնական մասերից։
Առաջին մասում խոսվում է Հայրենիք հասկացության, Հայաստանի պատմության, նրա տարածքի, լեզվի մասին, որոնք պետականության անբաժանելի մասն են։ Երկրորդ մասում ընթերցողին ներկայացվում են երկրի հոգևոր արժեքները՝ մշակույթ, կրոն, եկեղեցի, որը Հայաստանում հաճախ փոխարինել է պետականությանը։ Հրատարակության երրորդ մասը պատմում է հանրապետության խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի, օրհներգի, Սահմանադրության, ազգային դրամի, բանակի, Հայաստանի քաղաքացու անձնագրի, հանրապետության մայրաքաղաքի մասին։
«Պետությունը մեծ դեր է խաղում քաղաքացու դաստիարակման գործում, բայց ցանկացած գեղեցիկ խոսք կարող է անիմաստ լինել, եթե պետությունը չի գնահատում իր քաղաքացիների արժանավայել կյանքը։ Իմ հիմնական գաղափարն այն է, որ պետության և ժողովրդի միջև պետք է փոխադարձ հարգանք լինի ու փոխադարձ հպարտություն լինի»,- ասաց Գեղամյանը։
«Պետական խորհրդանիշեր» ֆիլմի պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանը հայտնեց, որ ֆիլմը ազգային խորհրդանիշեր քարոզելու միջոց է և պատմում է Հայաստանի խորհրդանիշերի նշանակության ու պատմության մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը։
«Այսօր բնակչության մեջ որոշակի խնդիր կա՝ ոչ բոլոր գիտեն, թե ինչ են նշանակում մեր խորհրդանիշերը, դրա համար էլ մենք ճանաչողական բնույթի ֆիլմ ենք ստեղծել»,- ասաց Հովհաննիսյանը։
Նմանատիպ խնդիրներ են շոշափվում նաև «Պետական խորհրդանիշեր» մուլտֆիլմում, որի հեղինակը մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է։
Գիրքն ու ֆիլմը ստեղծվել են Հայաստանի մշակույթի նախարարության, ինչպես նաև Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր «Կինոկենտրոն» համահայկական աշխարհագրական ասոցիացիայի աջակցությամբ։-0-

