Հայաստանի իշխող կուսակցության անդամը առաջընթաց չի ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից

29.05.2008, 15:04
Հայաստանի իշխող կուսակցության անդամը առաջընթաց չի ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում պետք չէ մեծ ակնկալիքներ և առաջընթաց սպասել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից, կարծում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ իշխող խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։
 
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է հունիսի 7-ին Սանկտ-Պետերբուրգում։ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո դա լինելու է առաջին հանդիպումը։

«Ես կիսում եմ այն փորձագետների կարծիքը, ըստ որոնց, ադրբեջանական կողմի կտրուկ հարձակումները կապված են Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրությունների հետ, այդ պատճառով էլ ես հատուկ ակնկալիքներ չունեմ նախագահների առաջիկա հանդիպումից»,- ասաց Մինասյանը հինգշաբթի՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատգամավորի կարծիքով, երկու պետությունների Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ, և կողմերն այնտեղ սպասողական դիրք են բռնելու։

Միաժամանակ, նա ավելացրեց, որ առաջիկայում Հայաստանի և ԼՂՀ-ի միջև ստորագրվելու է միջպետական պայմանագիր, որը խթան կհանդիսանա կարգավորման գործընթացի առաջխաղացման համար։

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն, առաջին հերթին, նշեց, որ «դա միայն նախագահների հանդիպում է, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություն, քանի որ բանակցություն կարելի է անվանել միայն այն գործընթացը, որին մասնակցում է հակամարտող կողմը՝ Ղարաբաղը»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։--0-