ՀՀ վարչապետը հրապարակայնությունն անվանել է կառավարության գործունեության կարևորագույն տարրը

29.05.2008, 14:19
ՀՀ վարչապետը հրապարակայնությունն անվանել է կառավարության գործունեության կարևորագույն տարրը
ՀՀ վարչապետը հրապարակայնությունն անվանել է կառավարության գործունեության կարևորագույն տարրը

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական հաստատություններին կոչ է արել բարձրացնել իրենց գործունեության հրապարակայնության մակարդակը։

«Հրապարակայնությունը լինելու է մեր գլխավոր գործիքը ինչպես կոռուպցիայի դեմ պայքարում, այնպես էլ կառավարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու հարցում»,- ասաց Սարգսյանը հինգշաբթի՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում։

Նրա խոսքով, եթե տեղեկատվությունն իր մեջ գաղտնիք չի պարունակում և դառնում է կառավարության քննարկման առարկա, ապա այն պետք է մատչելի լինի հասարակությանը։
 
Վարչապետը հիշեցրեց, որ դեռևս 2004 թվականից կառավարության կայքում հրապարակվում են ոչ միայն նորմատիվ բնույթի ակտեր, այլև անհատական որոշումներ։ «Ես կարծում եմ, որ այդ կանոնին պետք է հետևեն բոլոր գերատեսչությունները և իրենց կայքերում տեղադրեն իրենց որոշումները»,- նշեց կառավարույթան ղեկավարը։

«Այդպիսի մոտեցումից մենք միայն շահում ենք։ Մեր կողմից ընդունվող բոլոր որոշումները դառնում են հասարակության սեփականությունը և շատ վատ է, որ այդ տեղեկատվությունը ուղղակիորեն չի հասնում հասարակությանը։ Դա հիմք է ստեղծում տարաբնույթ լուրերի տարածմանը, և մենք չպետք է նպաստենք նման մթնոլորտի ստեղծմանը»,- ասաց Սարգսյանը։

Կառավարության ղեկավարը վստահեցրեց, որ պահանջկոտ է լինելու այդ առումով, որպեսզի ընդունված որոշումները մատչելի լինեն ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ հանրապետության քաղաքացիների համար։--0—