Հայաստանում հիմնադրվելու է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ

29.05.2008, 12:58
Հայաստանում  հիմնադրվելու է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ
Հայաստանում  հիմնադրվելու է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում Հայաստանում հիմնադրվելու է միջազգային մրցանակ, որը կրելու է հայտնի գիտնականի անունը, «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Մրցանակը հանձնվելու է երկու տարին մեկ, ողջ աշխարհի հայտնի աստղաֆիզիկոսներին, որոնք այդ ժամանակամիջոցում աստղաֆիզիկայի բնագավառում նոր կամ հեղափոխական  հայտնագործություն են կատարել»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ աշխարհի տարբեր երկրներում մրցանակակիրներից այդ միջազգային մրցանակի հանձնումը ևս մեկ անգամ համաշխարհային հանրությանը կհիշեցնի հայտնի հայ գիտնական Վիկտոր Համբարձումյանի մասին։

Միաժամանակ, Հարությունյանը տեղեկացրեց, որ մրցանակի չափը զուտ խորհրդանշական է լինելու և կազմելու է շուրջ 10 հազար դոլար։

Ինչպես նշեց աստղադիտարանի տնօրենը, համաշխարհային հեղինակություն վայելող մեծ գիտնականի 100-ամյակի տոնակատարության շրջանակներում նախատեսվում է թողարկել ոսկե հոբելյանական հուշադրամ, վերանորոգել նրա գերեզմանոցը, որը գտնվում է Բյուրականի աստղադիտարանի տարածքում։

«Հոբելյանին նվիրված հիմնական միջոցառումներն անցկացվելու են սեպտեմբերի 18-ին և նվիրվելու են Համբարձումյանի ծննդյան օրվան»,- ասաց Հարությունյանը։

Դրա հետ մեկտեղ, նա հաղորդեց, որ Հայաստանում մեծ գիտնականի 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում նախատեսվում է անցկացնել գիտաժողովներ, համաժողովներ, գործելու են աստղաֆիզիկայի դպրոցներ, ծրագրված է նաև հանդիսություններ անցկացնել Սանկտ-Պետերբուրգում, իսկ Մոսկվայում տեղի կունենա աստղագիտության և ընդհանուր ֆիզիկայի բաժնի նստաշրջանի նիստը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2008 թվականը հայտարարել է հայ մեծ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տարի։ Հայաստանում Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը նշվելու է մեծ շուքով։

Մասնավորապես, աշնանը նախատեսվում է անցկացնել խոշոր միջազգային գիտաժողով՝ «Տիեզերական առարկաների ակտիվ երևույթները և էվոլյուցիան» խորագրով։

Հայ գիտնականների պատվիրակությունը մեկնելու է Ռուսաստան՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ընդհանուր ֆիզիկայի բաժնի, Սանկտ-Պետերբուրգի և Պուլկովոյի աստղադիտարանի հետ Վ.Համբարձումյանի հոբելյանին նվիրված համատեղ նիստին մասնակցելու նպատակով։

Նախատեսվում է նաև կազմակերպել երիտասարդ աստղաֆիզիկոսների երկրորդ միջազգային դպրոցը, որին աշխարհի տարբեր երկրներից մասնակցելու են շուրջ 30 հայտնի գիտնականներ։

Տեղի կունենան Համբարձումյանի գիտական հետազոտություններին նվիրված ընթերցումներ, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում բարձր կուրսերի ուսանողների համար կազմակերպվելու են գիտական նիստեր։

Մեծ գիտնականի մասին նախատեսվում է նաև գիրք հրատարակել։ Վերահրատարակվելու են նրա գիտա-հանրամատչելի հոդվածների և գիտական աշխատությունների ժողովածուները։ «Գիտության աշխարհում» ամսագրի երկրորդ համարն ամբողջովին նվիրվելու է Վիկտոր Համբարձումյանին։

Նախատեսված է ստեղծել նաև մեծ գիտնականի կյանքին և գործունեությանը նվիրված ինտերնետ կայք, ինչպես նաև թողարկել DVD։

Ծրագրվում է Վիկտոր Համբարձումյանի կիսանդրին տեղադրել ԵՊՀ աստղադիտարանի առջև և սահմանել նրա անվան կրթաթոշակ։ Թողարկվելու են նաև հուշադրամներ և դրամանիշներ։

Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) հայտնի խորհրդային գիտնական է, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Համբարձումյանն աշխատել է աստղերի և ամպամածությունների ֆիզիկայի, աստղագիտության և աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության (կոսմոգոնիայի) ոլորտներում։--0—