Երևանում մեկնարկել է քննական կենտրոնների տնօրենների վերապատրաստման սեմինարը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում երեքշաբթի մեկնարկել է Հայաստանում միասնական պետական քննության ընդունող քննական կենտրոնների վերապատրաստման երկօրյա սեմինարը։
Ինչպես սեմինարի բացմանը նշեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը, երեքշաբթի ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրել է 55 շրջանային քննական կենտրոններ ստեղծելու մասին հրամանագիրը։ Նախարարը նաև հաստատել է այդ կենտրոնների տնօրենների ցանկը, որոնք մայիսի 30-ին վիճակահանության ճանապարհով բաժանվելու են շրջանների միջև։
Երևանում ստեղծվելու է 19 քննական կենտրոն, մնացած 36-ը՝ մարզերի շրջկենտրոններում, բացի Կոտայքի և Սյունիքի մարզերից, քանի որ այնտեղ քննություններն անցկացվելու են Չարենցավան և Գորիս քաղաքներում՝ համապատասխան։
«Անցած տարի քննություններ անցկացնելիս մենք արձանագրել ենք բոլոր թերություններն ու բացթողումները, և հիմա փորձելու ենք շտկել այդ սխալները»,- ասաց Եսայանը։
Նա տեղեկացրեց, որ սեմինարների ընթացքում քննարկվելու են բոլոր հնարավոր բարդությունները, որոնք կարող են առաջանալ քննությունների ընթացքում։
«Մեր տնօրեններից մենք ակնկալում ենք մանկավարժական որակներ, որպեսզի նրանք կարողանան լուրջ և պատասխանատու մոտենալ քննությունների կազմակերպմանը, և դրանք անցկացնել առանց ավելորդ լարվածության և խուճապի»,- ասաց փոխնախարարը։
Հայաստանում միասնական պետական քննությունը (ՄՊՔ) կանցկացվի չորս առակայից՝ հունիսի 2-ից 17-ը։ Այդ ժամանակահատվածում հայոց լեզվից և գրականությունից քննություն է հանձնելու 14,5 հազար աշակերտ, մաթեմատիկայից՝ 9,8 հազար, օտար լեզուներից՝ մոտ 8 հազար և 14 հազար աշակերտ քննություն է հանձնելու ռուսաց լեզվից։--0—