«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2008 թվականին հիմնական ֆինանասավորումը կուղղի Ղարաբաղ և գյուղատնտեսություն

27.05.2008, 15:51
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2008 թվականին հիմնական ֆինանասավորումը կուղղի Ղարաբաղ և գյուղատնտեսություն

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2008 թվականին հիմնական ֆինանասավորումը կուղղի Ղարաբաղ և գյուղատնտեսություն, երեքշաբթի լրագրողներին Երևանում հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը։

Նա նշեց, որ 2008 թվականին ֆինանսավորումն ավելի նեղ ուղղվածություն կունենա, սակայն դրանց ուղղվածությունները կորոշվեն ավելի ուշ։

«Միանշանակ է այն, որ բոլոր սկսված ծրագրերը շարունակվել են, և ամենայն հավանականությամբ մենք ոչ մի ծրագիր անավարտ չենք թողնի»,- ասաց Աղաբեկյանցը։

Ընդ որում նա նշեց, որ ծրագրվում է շարունակել միջոցներ ու նվիրատվություններ հավաքելու նոյեմբերին անցկացվող հեռուստամարաթոնի 15-ամյա ավանդույթը։

«Վստահ եմ, որ այս ավանդույթը կշարունակվի, սակայն վերջնական որոշում պետք է ընդունի Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի նիստն անցկացվում է այսօր Երևանում»,- ասաց Աղաբեկյանցը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված 165 միլիոն դոլարի ծրագրեր։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ --0—