Արևմտյան պետությունների և Ռուսաստանի հնարավորությունները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, անհամադրելի էին. Կազիմիրով

27.05.2008, 12:17
Արևմտյան պետությունների և Ռուսաստանի հնարավորությունները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, անհամադրելի էին. Կազիմիրով
Արևմտյան պետությունների և Ռուսաստանի հնարավորությունները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, անհամադրելի էին. Կազիմիրով

Արևմտյան պետությունների և Ռուսաստանի դիրքն ու հնարավորությունները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբնական փուլում անհամադրելի էին, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

«Ռուսաստանը երկար տասնամյակներ հակամարտության կողմերի հետ միասին ապրել է ընդհանուր պետությունում, և, իհարկե, ավելի լավ գիտեր այդ տարածքների իրավիճակը, ավելի լավ գիտեր մարդկանց, մինչդեռ այդ ժամանակ արևմտյան պետությունները նոր-նոր դիվանագիտական հարաբերություններ էին հաստատում, հիմնում էին իրենց դեսպանատները։ Եթե նրանք լրջորեն ղեկավարվեին նրանով, որ պետք է վերջ դնել այդ հակամարտությանը, գոնե նրա ռազմական փուլին, ապա դրան տանող ամենակարճ ուղին կլիներ ավելի հաջող միջնորդին աջակցելը», -  ասաց երեքշաբթի Կազիմիրովը՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան գործընկերների շահերը շատ հաճախ միանգամայն այլ էին։

«Նրանք մտածում էին այն մասին, թե ինչպես ճնշեն Ռուսաստանին, կրճատեն Ռուսաստանի ազդեցությունը այդ տարածաշրջանում։ Չեմ ուզում ասել, որ արևմտյան գործընկերներն այնքան արյունարբու էին, որ ռազմական գործողությունների շարունակություն էին ցանկանում, խոսքն այդ մասին չէ։ Պարզապես նրանց ձեռնտու չէր, որ զինադադարը ձեռք բերվեր ՌԴ ջանքերով», - ասաց Կազիմիրովը։

Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան գործընկերներին ավելի շատ վախեցնում էր հակամարտության գոտում որպես բաժանարար ուժեր՝ ռուսական Զինված ուժերի տեղաբաշխումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-