ՀՀ պաշտպանության նախարարը մայիսի 27-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել

26.05.2008, 18:55
ՀՀ պաշտպանության նախարարը մայիսի 27-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել
ՀՀ պաշտպանության նախարարը մայիսի 27-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

«ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ 26+1 ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստին, որի ընթացքում կներկայացվի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի երկամյա իրականացման առաջընթացը, կքննարկվի այդ ծրագրի գնահատման զեկույցը»,- ասաց Շահսուվարյանը:

Նրա խոսքով, այցի շրջանակներում ՀՀ պատվիրակության համանախագահները հանդիպումներ կունենան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի և Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ: --0—