Սիրուշոն «Եվրատեսիլ-2008»-ին գերազանցեց իր նախորդներին

26.05.2008, 15:51
Սիրուշոն «Եվրատեսիլ-2008»-ին գերազանցեց իր նախորդներին
Սիրուշոն «Եվրատեսիլ-2008»-ին գերազանցեց իր նախորդներին

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Սիրուշոն զբաղեցրեց չորրորդ տեղը՝ գերազանցելով իր երկրի նախորդ ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, որոնք նախորդ մրցույթներին զբաղեցրել էին ութերորդ տեղը։

Բելգրադի բեմահարթակին Սիրուշոն կատարեց «Քելե-քելե» անգլերեն երգը, որի երաժշտության հեղինակը Հարութ Տեր-Հովակիմյանն էր, իսկ բառերը գրել էր երգչուհին։

Հեռախոսային քվեարկության արդյունքներով Սիրուշոն հավաքեց 230 միավոր։ Հայաստանին առավելագույն՝ 12 միավոր տվեցին Ռուսաստանը, Ֆրանսիան, Բելգիան, Չեխիան, Լեհաստանը, Նիդեռլանդները, Հունաստանը, Վրաստանը։

53-րդ «Եվրատեսիլի» հաղթողը դարձավ հայտնի ռուս երգիչ Դիմա Բիլանը, որը կատարեց «Believe» երգը, երկրորդ տեղը զբաղեցրեց ուկրաինուհի Անի Լորակը՝  «Shady Lady» երգով, իսկ «բրոնզը» ստացավ հույն երգչուհի Կալոմիրան, որը կատարեց «My Secret Combination» երգը։

«Եվրատեսիլը» աշխարհի ամենահեղինակավոր հեռուստատեսային շոուներից է, որն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։

Սիրուշոն նոր սերնդի երգչուհի է, որը շատ սիրված է թե փոփի երկրպագուների, թե ժողովրդական երգի սիրահարների կողմից։ Նա ոչ պակաս տաղանդավոր, շատ հայտնի և սիրված երգչուհի Սյուզան Մարգարյանի դուստրն է։

2006թ. մայիսին Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրեց Անդրեն՝ կատարելով «Without Your Love» երգը և զբաղեցնելով ութերորդ տեղը։

2007թ. Հելսինկիում ելույթ ունեցավ Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «2006թ. տարվա լավագույն երգիչ» ճանաչված,  էստրադային երգիչ և երգահան Հայկոն՝ «Any Time You Need» երգով և նույնպես զբաղեցրեց ութերորդ տեղը։--0—